Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Արմավիրում էր

28 մարտ, 2015

  • Нравится

Հայաստանում շուկայի պահանջարկը ստիպեց Արմավիրի թռչնաֆաբրիկային 2013 թվ-ին ձվի արտադրությունից անցնել թռչնամսի արտադրության: 2014 թվ-ին թռչնաֆաբրիկան արտադրել է մոտ 1500 տոննա թռչնի միս: Այս տարի ֆաբրիկան նախատեսում է ծավալներն ավելացնել 2,5 անգամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Արմավիրում էր և տեղում ծանոթացավ Արմավիրի թռչնաֆաբրիկայի արտադրական հզորություններին: Ֆաբրիկան զբաղեցնում է 27 հեկտար տարածք՝ 26 թռչնանոցով և ենթակառույցներով: Առայժմ գործում է 20 թռչնանոց, 6-ը վերանորոգման փուլում է:
Թռչնաֆաբրիկան բրոլեր տեսակի հավի ճտերը ներկրում է Իրանի իսլամական հանրապետությունից: Ֆաբրիկան շուտով ավարտին կհասցնի սեփական ինկոբացիայի արտադրամասը: Նախատեսում են մեկ ամսից գործարկել և ամսեկան 3000 ճուտ արտադրել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ տեղական թռչնամիս արտադրողներն առայժմ չեն կարողանում բավարարել ներքին պահանջարկի 30 տոկոսը: Կառավարությունը հնարավորության սահմաններում կաջակցի տեղական արտադրողներին ավելացնելու հզորությունները, որը կնպաստի ներկրման ծավալների նվազեցմանը:
Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ մարզի համայնքի ղեկավարների և գյուղատնտեսության բնագավառի ենթակառուցվածքների ղեկավարների հետ: Վարչապետին նախ հետաքրքրեց տարվա կտրվածքով ոռոգման ջրի անխափան մատակարարման հետ կապված հարցերը: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ ոռոգման սեզոնը մեկնարկել է և մարտի 1-ից և մինչ օրս խնդիրներ չեն առաջացել: Իսկ եթե տարվա ընթացքում խնդիրներ առաջանան, լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն:
Լրացուցիչ միջոցների ձեռնարկումը, ըստ նախարարի, ենթադրում է նոր խորքային հորերի շահագործում: Առիթն օգտագործելով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վարչապետին խնդրեց 4 գյուղերի մոտ 400 հեկտար ռիսկային հողատարածքների համար 8 նոր խորքային հոր վերաշահագործել: Վարչապետը խոստացավ խնդիրն ուսումնասիրել:
Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդանյանին մտահոգում էր գյուղի 150 հեկտար հողատարածքների հեղեղման խնդիրը, որն առաջացել է հեղեղատարի չսպասարկելու պատճառով: Ըստ գյուղապետի, հեղեղատարը վերջին անգամ մաքրվել է 2006 թվ-ին:
Վարչապետը ջրային պետական կոմիտեին հանձնարարեց հարցին լուծում տալ: Հովիկ Աբրահամյանը կոչ արեց ներկաներին խրախուսելու գյուղացիական տնտեսություններին զբաղվել լոլիկի մշակությամբ: Ըստ վարչապետի, նախորդ տարի վերամշակող կազմակերպությունները հնարավորություն չունեցան ապահովել իրենց պահանջարկը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից մինչ օրս աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և լուրջ խոչընդոտներ չարձանագրվեցին: