Հասարակություն

Վարդան Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոցը երրորդ անգամ ընտրվեց կալանքը

17 հոկտեմբեր, 2014

  • Нравится

2014թ. հունիսի 20-ին ՊՆ N զորամասի զինծառայող, 1994 թվ-ին ծնված Գրիշա Խաչատրյանը մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս գլխի աջ մասում կրակահերթով արձակված հրազենային վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի օրը ձերբակալվել է դիրքի ավագ և անձնակազմի պետ Վարդան Կիրակոսյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Վարդան Կիրակոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ, լինելով դիրքի ավագ, պատշաճ չի պահպանել դեպքի վայրը և, պաշտոնական դիրքը չարաշահելով, տեղաշարժել է իրեղեն ապացույցների սկզբնական դիրքը: Վարդան Կիրակոսյանի գործողությունները որակվել են էական խոչընդոտ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պարզելու ուղղությամբ իրականացվելիք գործառույթներին:
Քննող քննիչի միջնորդությամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Կիրակոսյանի խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը:
Քննիչը միջնորդության հիմքում դրել էր, որ Կիրակոսյանը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեորեն չթույլատրված արարք, ազատազրկման ձևով առավելագույն պատժի չափը մեկ տարուց ավել է:
2014թ. օգոստոսի 15-ին նույն դատարանի կողմից մերժվել է Վարդան Կիրակոսյանի պաշտպանի միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը և երկարացրել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով, մինչև 2014թ. հոկտեմբերի 23-ը:
Երկրորդ միջնորդության հիմքում առաջին միջնորդության հիմքերի ցանկին ավելացել էին, որ փորձաքննությունները դեռևս ավարտված չեն և Կիրակոսանը, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել փորձաքննության արդյունքների վրա:
2014թ. հոկտեմբերի 16-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Կիրակոսյանի կալանքի ժամկետը քննիչի միջնորդությամբ երկարաձգել է ևս երկու ամսով, մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը:
Ըստ Վարդան Կիրակոսյանի մոր՝ Մարիամ Մարգարյանի, իր տղային նախաքննական մարմինն առանց հիմքերի է պահում անազատության մեջ: Ըստ նրա, փորձաքննություններն ավարտվել են, գործերում ոչ մի հիմք չկա, որ իր որդին կարող է թաքնվել նախաքննական մարմնից կամ անօրինական գործողություններ կատարել քրեական գործում ներգրավված անձանց վրա ճնշումներ գործադրելու ուղղությամբ:
Մարիամ Մարգարյանը պնդում է, որ իր տղային անազատության մեջ անհիմն են պահում, միևնույն ժամանակ, առանց լուրջ քննության մերժում են իրենց փաստաբանի վերաքննիչ բողոքները, իր որդուն՝ Վարդան Կիրակոսյանինգրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: