ՏԻՄ բարեփոխումներ

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքը գործում է 2006 թվականից

25 նոյեմբեր, 2017

  • Нравится

ՏԻՄ մասին 2017-ի հունվարից ուժի մեջ մտած նոր օրենքը Վանաձորի համայնքապետարանում առավելագույն ճշտությամբ փորձում ենք պահպանել, վստահեցնում է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը եւ թվարկում այն գործողությունները, որոնք ապահովում են հաշվետու կառավարում:

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքը գործում է 2006 թվականից: Նախկինում այն բավական հեռու էր կայք կոչվելուց, ներկա տարբերակը վերագործարկվել է 2012 թվականին: Կայքն հնարավորինս թարմացվում է, վստահեցնում է զարգացման ծրագրերի եւ ՏՏ բաժնի պետ Լիլիա Դավթյանը:

Շուտով զուգահեռ կգործարկվի հանրային մի նոր հարթակ: Վանաձորցիների կողմից ակնկալվում է ակտիվ մասնակցություն, հարցուպատասխանի, առաջարկությունների ու բաժանորդագրման հնարավորությամբ: Չնայած համայնքային իշխանությունների՝ թափանցիկ եւ հաշվետու կառավարման մասին հավաստիացումներին, ուսումնասիրելով պաշտոնական կայքը պարզեցինք, որ ավագանու անդամների ընդամենը անվանացանկը կա: Ընտրողները զրկված են իրենց ընտրյալների հետ ցանկացած պահի շփում հաստատելու հնարավորությունից, քանի որ կոնտակտային տվյալներ չկան ի տարբերություն մարզի այլ համայնքների՝ մասնավորապես Ստեփանավանի եւ Սպիտակի, որոնց պաշտոնական կայքերում նման տվյալներն առկա են: Իսկ միջազգային դոնորների աջակցությամբ կահավորված քաղաքացիների սպասարկման կենտրոնը քաղաքապետի խոսքով կամբողջացնի թափանցիկ կառավարումը:

Ասվածից կարելի է ենթադրել, որ հանրապետության երրորդ քաղաքում մասնակցային կառավարում է իրականացվում, պարզվում է, սակայն, նրանք, ում համար ըստ էության պետք է տեսանելի ու շոշափելի լինի այս մոտեցումը, կամ անտեղյակ են, կամ հուսալքված, կամ անհաղորդ այս պրոցեսներին: Խոսքը վանաձորցիների մասին է:

Ավագանու իրենց ընտրյալներին քչերն են ճանաչում, հիմնականում չեն մասնակցում որոշումների ընդունման գործընթացներին, ավագանու նիստերին, որովհետեւ կամ չգիտեն իրենց իրավունքները, կամ վստահ չեն, որ իրենց խոսքը տեղ կհասնի:

Ըստ օրենքի՝ ավագանուն կից պետք է գործեն մշտական հանձնաժողովներ, որոնք նիստից առաջ ուսումնասիրելու են օրակարգում տեղ գտած հարցերը՝ տալով իրենց եզրակացությունը:

Հանրային իրազեկման բոլոր միջոցներին զուգընթաց՝ համայնքի ղեկավարը կարևորում է հայտարարությունների վահանակի դերը, չնայած, որ հաճախակի չի հետևում դրա պարունակությանը: Ավագանու նիստերի մասին ավագանու բոլոր անդամներն իրազեկվում են օրենքով սահմանված ժամկետում և միջոցներով՝ վստահեցնում է Ասլանյանը:

Շենքի առաջին հարկում շինաշխատանքներ էին ընթանում, հայտարարությունների վահանակ չհայտնաբերեցինք: