Տնտեսություն

ՍԿՍՎԵՑ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ: ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԽԱՂՈՂԸ ԿՄԹԵՐԻ 145 ԴՐԱՄՈՎ

11 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը: Այս տարի խաղողի 1 կգ-ը գործարանը մթերում է 145 դրամով, ինչը, նախորդ տարվա համեմատ, 5 դրամով ավել է: Գործարանն այս տարի կմթերի 35 հազար տոննա խաղող, այսինքն 10 000 տոննայով ավելի նախորդ տարվանից: Նշենք, որ այս տարի Արմավիրի մարզի խաղողագործները մեծ չափով վնաս կրեցին կարկուտի հետևանքով: Ինչպես տեղեկանում ենք Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանից, կարկուտից տուժած խաղողագործներին գործարանն այս տարի զիջել է մոտ 54 մլն դրամ թունաքիմիկատի գումար, ինչպես նաև օգնության հիմնադրամ փոխանցել 30 մլն դրամ: Խաղողի մթերումը սկսված է, և գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքով, մթերման գործընթացը կշարունակվի առանց խնդիրների և հերթերի: Ըստ պայմանագրի և ըստ սահմանված օրերի ու ժամերի խաղողագործներն իրենց բերքը կհասցնեն գործարան, իսկ մթերված բերքի գումարը 3 օրվա ընթացքում քարտային համակարգով կստանան բանկից: Նշենք, որ այս տարի գործարանը կնքել է 910 նոր պայմանագիր, որից 709-ը՝ Արմավիրի մարզում: