Տնտեսություն

Սեփական եկամուտների հավաքագրման 103 տոկոսից բարձր ցուցանիշ է ապահովել Արմավիրի մարզի 51 համայնք

18 փետրվար, 2016

  • Нравится

Արմավիրի մարզի երեք քաղաքներից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշով առաջին տեղում Վաղարշապատ քաղաքն է՝ 108,4 տոկոս, երկրորդ տեղում Մեծամոր քաղաքն է՝ 105 տոկոս և ամենավատագույն ցուցանիշը Արմավիր քաղաքինն է՝ մոտ 50 տոկոս: Այս մասին այսօր 2015թ. տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և կոչ արեց Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմին առավել աչալուրջ գտնվել սեփական եկամուտների հավաքագրման գործում: Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 103 տոկոսից ավել հավաքագրում է ապահովել  մարզի 51 համայնք: Նալբանդյան, Ջրաշեն և Ամասիա համայնքներն ամենավատ արդյունքն են ապահովել՝ մինչև 40 տոկոս, մնացած համայնքները գտնվում են միջին մակարդակում: Արմավիրի մարզպետը հանձնարարեց, որ այն համայնքները, ովքեր իրենց աշխատանքներում թերացել են, 10-օրյա ժամկետում մարզպետարան ներկայացնեն դրանց պատճառները, այլապես նկատողության կարժանան: Աշոտ Ղահրամանյանը համայնքի ղեկավարներին խորհուրդ տվեց օգնել ՋՕԸ  հավաքագրել 2015 թվ-ին օգտագործած ոռոգման ջրի դիմաց պարտքերի հավաքագրման հարցում: Ըստ մարզպետի, մարզի ջրամատակարարները վարձերի հավաքագրման խնդրի առաջ են կանգնած, ոռոգման ջրի դիմաց ջրօգտագործողների վճարումները կազմում են ընդամենը 61 տոկոս: Ի ուրախություն համայնքապետերի, մարզպետը նշեց, որ 2016թվ-ից սկսած, ամեն տարի համապատասխան գումարներ կհատկացվի կադաստրի պետական կոմիտեին, որպեսզի կատարվի ուսումնասիրություն հողերի կարգերի վերաբերյալ: Աշոտ Ղահրամանյանը նաև տեղեկացրեց, որ հնարավոր է մարզում վերականգնվի խորդենու մշակության ավանդույթը: Ըստ մարզպետի, հաջորդ շաբաթ Ֆրանսիական կազմակերպության կողմից մայրաքաղաքում կանցկացվի շնորհանդես, որտեղ մարզի գյուղացիական տնտեսություններին կառաջարկվի զբաղվել խորդենու մշակությամբ: Մարզպետը վստահ է, որ Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններն առավել քան տեղյակ  են խորդենու  մշակության առանձնահատկություններին և այն կարող է համարվել գյուղատնտեսության մեջ շահավետ մշակության ձև: