Մշակույթ/Սպորտ

Սարդարապատի դպրոցի գերմաներենի դասարանը կրում է Արմին Վեգների անունը

7 հոկտեմբեր, 2014

  • Нравится

Սարդարապատի միջնակարգ դպրոցում հաճելի անակնկալները շատ են: Այս անգամ առիթը դպրոցի գերմաներենի դասարաններից մեկի անվանակոչումն էր, որն այսուհետ կրում է մեծ մարդասեր ու հայասեր Արմին Վեգների անունը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանում գերմաներեն լեզվի կենտրոնի ղեկավար Թոմաս Բլումենռաթը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակից տիկին Բուլմանը, Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը, Հալլե քաղաքի գործընկեր դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ և այլոք: Անվանակոչված դասարանի բացմանն իր օրհնությունը բերեց Ս.Քահանա տեր Սարգիսը: Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Արմին Վեգների կենսագրությունը, դերն ու առաքելությունը ամենատարբեր մարդասիրական գործունեություններում: Արմին Վեգները տեսել է Դեր-Զոր քշված բազմահազար հայերի խոշտանգումները, լուսանկարել այն և ուղարկել Գերմանիա, առանձին մարդկանց ու մամուլին: Արմին Վեգները այդ տարիներին Թուրքիայում սանիտարական ծառայության կազմում է եղել, իսկ հետագայում՝ 1919թվ-ին այդ նամակներն ու նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» գրքում: Նույն թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ ԱՄՆ պրեզիդենտ Վ.Վիլսոնին: 1915թ. գարնանը, – գրել է նա, – թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ 2 միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, ու չկար մեկը, որ խանգարեր խելագարված հանցագործների գործողությունները…»:
Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանի խոսքով, կազմակերպված հուշ-ցերեկութը խոնարհումն է անմեղ զոհերի ու մեր արդար դատը պաշտպանողների՝ հատկապես Արմին Վեգների հիշատակին: