Տնտեսություն

Ռուսաստանում հայկական գյուղմթերքը տեղը զիջում է թուրքականին

9 հոկտեմբեր, 2014

  • Нравится

Մի կողմից Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի և Եվրոմիության պատժամիջոցների, մյուս կողմից Ռուսաստանի հակաքայլերի արդյունքում կարելի էր ենթադրել, որ Հայաստանը կարող է շահեկան իրավիճակում հայտնվել հատկապես գյուղմթերքի ՌԴ արտահանման բնագավառում: Այս մասին վերջերս հայտարարեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրում անցկացվող բերքի տոնին մասնակցության ընթացքում:
Սակայն իրականության մեջ հակառակ պատկերն է ուրվագծվում և, գնալով հատկապես Ռուսաստանի դաշնություն գյուղմթերքների արտահանման ծավալները կրճատվում են, իսկ գները՝ նվազում: Այսօր Հայաստանից կարելի է արտահանել մեծ քանակությամբ սեղանի տեսակի խաղող և սև սալոր, սակայն Ռուսաստանի շուկաները ողողված են Թուրքիայից ներկրված ավելի էժան խաղողով և սալորով, ասում են համայնքների ղեկավարները: Եթե հաշվի առնենք, որ հայկական գյուղմթերքի ինքնարժեքի մեջ ծավալուն տեղ են գրավում ոռոգման ջուրը, բանկային տոկոսադրույքները, թունաքիմիկատներն ու պարարտանյութերը, դժվար չէ կռահել, որ հայկական գյուղմթերքն իր բարձր ինքնարժեքով չի կարող մրցակցել թուրքական գյուղմթերքի հետ:
Գյուղնախարարը Արմավիրի բերքի տոնի ժամանակ գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապել, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն խաղողի իրացման համար: Գյուղնախարարի հայտարարությունը ենթադրում է, որ անհրաժեշտ է խաղողը պահեստավորել սառնարաններում և մի 2 ամիս սպասել, որը ռիսկային է, ծախսատար և ոչ բոլոր գյուղացիները կարող են օգտվել այդ թանկ հաճույքից:
Հ.Գ – Ամեն ինչ ստացվում է ինչպես միշտ՝ ավելի արդար կլինի գյուղացուն ասել ինչպես ուզում ես գլխիդ ճարը տես: