Հասարակություն

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ

6 հուլիս, 2013

  • Нравится

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, ինչպես նաև Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպման հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոլ լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս երեք տաղավարներ շինենք, մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտներն այս լսելով իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: Եվ Հիսուս, մոտենալով նրանց, ասաց. «Ոտքի ելեք և մի վախեցեք»: Նրանք աչքերը բարձրացրին և, Հիսուսից բացի, ոչ ոքի չտեսան»: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Այս տարի Քրիստոսի Պայծառակերպությունը կտոնվի հուլիսի 7-ին: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդ երկուշաբթի օրը մեռելոց է: