Պատահարներ

Պայթյուն գազալցակայանում, կան տուժածներ

11 մարտ, 2014

  • Нравится

Մարտի 11-ին, ժամը 14:50-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի մուտակայքում տեղակայված գազալցակայանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Լիցքավորման պահին պայթել է Ջանֆիդայի բնակիչ Աղասի Վարդանյանի Գազ 24 10 մակնիշի ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել կայանի աշխատակից, Մրգաշատի բնակիչ 23 ամյա Սուրեն Գալստյանը: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում:
Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյաից տեղեկանում ենք, որ հիվանդի մոտ առկա են եղել բեկորային կոտրվածքներ, գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում պատռվածքներ և մարմնի մոտ 50 տոկոս խորը այրվածքներ:
Սուրեն Գալստյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Արմավիրի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տուժածին տեղափոխել են Երևան:
Հրդեհված ավտոմեքենայի վարորդը, ով փորձել էր օգնել այրվող լիցքավորողին, նույնպես ստացել էր վերին վերջույթների թեթև այրվածքներ, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից:
Դեպքի վայրում էին ԱԻՆ Արմավիրի փրկարար ծառայության աշխատակիցները, Ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցները, որոնց ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա պայթյունի պատճառները: