Հասարակություն

ՉՆԱՅԱԾ ԱՇԱԿԵՐՏԻ ՎԱՏ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆԸ, ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍՏԻՊԵԼ Է ԹՌՆԵԼ ԱՅԾԻԿԻ ՎՐԱՅՈՎ

20 փետրվար, 2013

  • Нравится

Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ Ասլանյանը, ում ինքնազգացողությունը վատ է եղել ֆիզկուլտուրայի դասաժամին և այդ մասին զգուշացրել է ուսուցչին, այնուամենայնիվ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստիպել է, որ երեխան թռնի այծիկից: Արդյունքում երեխան հայտնվել է հիվանդանոցում: Մեզ հետ զրույցում Մարիամ Ասլանյանի մորաքույրը՝ Հայկուշ Ասլանյանը, պատմեց, որ երեխան ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ Հրանտ Գալստյանին տեղյակ է պահել առողջական վատ ինքնազգացողության մասին, սակայն ուսուցիչը ստիպել է գլխապտույտ ունեցող երեխային թռնել այծիկի վրայով: Թռչելուց հետո երեխան ընկել ու կոտրել է ձեռքը: Այնուհետև Մարիամ Ասլանյանին դպրոցից տաքսիով տուն են ճանապարհել, իսկ տուն հասնելուն պես երեխան ուշաթափվել է: Մորաքույրը երեխային տեղափոխել է Էջմիածնի հիվանդանոց, որտեղից ուղեգրել են Սբ.Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն: Երեկ երեկոյան երեխան վիրահատության է ենթարկվել: Կոտրվել է Մարիամի արմունկը, վնասվել որոշ հյուսվածքներ: Մարիամի մորաքույրը պատմում է նաև, որ այսօր զանգահարել է դպրոցի տնօրեն Արուս Մուրադյանին՝ պարզելու կատարվածի մանրամասները, սակայն զարմացել է տնօրենի պատասխաններից ու վերաբերմունքից: Տնօրենը խորհուրդ է տվել երեխային հանել այդ դպրոցից: alttv.am-ը փորձեց դպրոցի տնօրեն Արուս Մուրադյանից պարզաբանում ստանալ դեպքի վերաբերյալ: Սկզբում հրաժարվեց մեկնաբանել, այնուհետև չհերքեց, որ երեխան վնասվել է դպրոցում, բայց հերքեց այն փաստը, որ երեխան իր վատառողջության վերաբերյալ հայտնել է ուսուցչին: Ինչ վերաբերում է դպրոցից երեխային հանելուն, տնօրենը մեկնաբանեց, որ երեխայի հարազատները պիտակներ են կպցրել դպրոցին, միայն դրանից հետո ասել է, որ կարող եք ձեր երեխային տեղափոխել այլ դպրոց: