Հասարակություն

«Ուղիղ կշեռք». հետազոտություն մթերային խանութներում

26 հունվար, 2015

  • Нравится

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդներն Արմավիր քաղաքում իրականացնում են «P.S. Be Sharp մարքեթինգային հետազոտություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կենտրոնի երիտասարդները ստուգում են մթերային խանութների կշեռքները:
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդների նախնական ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ քաղաքի մթերային խանութներում խախտվում են սպառողների շահերը, այսինքն կշռված ապրանքների գնապիտակին նշված կշիռն իրականությանը չէր համապատասխանում, կշեռքների մեջ եղել է անճշտություն:
Խանութներում հետազոտություն իրականացնող երիտասարդները նկատում են, որ քաղաքի ոչ բոլոր բնակիչներն են ուշադրություն դարձնում, որ խաբվում են գնված ապրանքի կշռի մեջ, իսկ իրազեկները կամ վերակշռում են ապրանքը, կամ դադարում գնումներ կատարել տվյալ խանութից։ Բացի այդ, գնային կլորացումները 5-ի փոխարեն սկսվում են 1-ից`ի վնաս գնորդի: Այսինքն, եթե որևէ ապրանքի արժեքը 103 դրամ է, գնորդը վճարում է 110 դրամ, այն ինչ պետք է վճարեր 100 դրամ:Բնակչության մեծ մասն իրազեկված չէ իր իրավունքների մասին և մտածում է, որ ոչինչ չի կարող անել: Արդյունքում գնորդը խուսափում է խնդիրը բարձրաձայնել:
Սպառողների շահերի պաշտպանության նպատակով Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդները հետազոտություն են իրականացրել Արմավիր քաղաքի 50 (ծրագրով նախատեսված 30-40-ի փոխարեն) մթերային խանութներում:
Ծրագրի ընթացքում թիմը ձգտել է բացահայտել չարաշահումները և դրա մասին իրազեկել հանրությանը:
Կենտրոնի անդամներն իրենց կշեռքով այցելել են դիտարկվող խանութները, տեղում վերակշռել նախապես կշռված և փաթեթավորված ապրանքը, ապա ցուցանիշը համեմատել գնապիտակի վրա նշված կշռի հետ: Թիմը նաև ստուգել է խանութներում կշեռքների ճշգրտությունը և հետևել մանրի վերադարձման գործընթացին:
Ճշգրիտ կշեռք ունեցող խանութների դռներին փակցվել են «Ուղիղ կշեռք» գրությամբ թերթիկներ:
Հանրային ընդհանուր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տպագրվել են գնորդի իրավունքների մասին իրազեկման թերթիկներ և տարածվել Արմավիր քաղաքում:
Երիտասարդների դիտարկումների արդյունքում բացահայտվել են խախտումներ և չարաշահումներ 10 մթերային խանութներում, որոնցից 1-ում առկա բոլոր կշեռքների ցուցանիշները տարբերվել են միմյանցից: Դիտարկված խանութներից երեքում կշեռքն աշխատել է ի վնաս խանութի, ինչի մասին տեղյակ է պահվել խանութի տնօրինությանը: Մի շարք դեպքերում բացահայտվել է, որ կշեռքը ճշգրիտ է աշխատում, սակայն նախապես կշռված ապրանքների կշիռը ճիշտ չէ նշված գնապիտակի վրա: Հիմնական խախտումները գրանցվել են սուպերմարկետներում, բայց անմասն չեն մնացել փոքր մթերային խանութները:
Նախաձեռնող խմբի անդամները հետազոտության ընթացքում հանդիպել են նաև խոչընդոտների, Նրանց մենկնաբանությամբ որոշ խանութներում թույլ չեն տվել ստուգել կշեռքները կամ նախապես կշռված ապրանքները:
Ըստ Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանի, ծրագրի ավարտին Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը նախատեսում է կազմակերպել հանդիպում ակտիվ բնակիչների և դիտարկված խանութների տնօրենների մասնակցությամբ, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն դիտարկված արդյունքները, բացահայտումները և կքննարկվեն առաջարկությունները:
Ծրագիրը իրականացվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ֆինանսավորմամբ: