Տնտեսություն

«Շենիկ» ՋՕԸ-ն ոռոգման ջուրը հավասար չի բաշխում

26 հուլիս, 2014

  • Нравится

Ինչպես և կանխատեսվում էր, ոռոգման ջրի սակավության պատճառով թեժ ամառ էր սպասվում գյուղացիական տնտեսությունների համար: Ոռոգման ջրից արդեն իսկ տուժած շենիկցիներն իրենց բողոքն էին ներկայացնում գյուղապետարան: Գտնվելով մարզի նախալեռնային շրջանում, մոտակայքում չունենալով կարևորագույն մայրուղի, թիրախ էին ընտրել գյուղապետ Կորյուն Մինասյանին, ով իրենցից մեկն էր և նույնպես վնասներ էր կրել:
Գյուղապետը դիմեց մարզպետի օգնությանը և կարճ ժամանակում գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին միացան Արմավիրի մարզպետը, «Շենիկ» ՋՕԸ գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, մարզպետարանի մասնագետներ ու ջրբաշխներ:
Գուղացիները զայրացած էին ոչ միայն ոռոգման ջրի սակավության, այլ նաև չորային տարվա պարագայում մատակարարի աշխատաոճի վրա:
Շենիկցիները մարզպետի ներկայությամբ մատակարարին ներկայացրեցին իրենց զայրույթի պատճառները:
Նրանք օբյեկտիվ էին համարում, որ տարին սակավաջուր է և գյուղին ջուր տրվում է 4 օր ընդմիջումով 6 օր: Սուբյեկտիվ էին համարում, որ այդ սուղ գրաֆիկով ջուրը արդարացի չի բաշխվում, ոմանք արդեն մի քանի անգամ ջրել են, իսկ շատերը մեկ անգամ են օգտվել այդ հաճույքից: Սուբյեկտիվ էին համարում նաև արտոնությունը, որը տվել է մատակարարը, այսինքն բանջարբոստանային կուլտուրաները համարվում են առաջնային, իսկ, ասենք, առվույտը՝ երկրորդային: Նշենք, որ գյուղի 1280 հեկտար ոռոգելի հողատարածքների կեսից ավելին առվույտի ցանքատարածություններ են:
Գյուղացիները մեծ դժգոհություն ունեին կապված մատակարարի հավելագրումների հետ: Նրանց խոսքով մատակարարը հաշվառման մատյանում գյուղացուն ստորագրել է տալիս, որ ստանում է 100 լիտր վայրկյանում ոռոգման ջուր և, գյուղացին ասենք ջրում է մեկ հեկտարը 12 ժամում: Արդյունքում, ըստ մատակարարի, գյուղացին ժամում ստանում է 360 խոր/մետր, իսկ 12 ժամում՝ 4320 խոր/մետր ջուր: Եթե դրամական տեսք տանք այս թվերին, գյուղացին պետք է վճարի 47520 դրամ: Մատակարարը գյուղացուց վերցնում է 15-20 հազար դրամ, իսկ տարվա վերջում հաշվառման մատյանի թվերով սկզբում սկսում է սակարկությունները գյուղացու հետ, արդյունքի չհասնելուց հետո մտնում է դատարան: Ըստ գյուղապետի, դա է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունների 80 տոկոսի գործերը կամ դատարանում է, կամ ԴԱՀԿ գրասենյակում:
ՋՕԸ գործադիր տնօրենը իր փաստարկներն էր բերում, շատ փաստեր էլ որակում էր իրականությանը չհամապատասխանող:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանձնարարեց մարզպետարանի գյուղվարչության պետին հանձնաժողով կազմել՝ ստուգելու գյուղացիների բարձրացրած խնդիրների իսկությունը: Միևնույն ժամանակ մարզպետը հորդորեց գյուղացիներին հաշվի առնել չորային տարվա փաստը և խնայողաբար օգտագործել ոռոգման ջուրը: