Մշակույթ/Սպորտ

«ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔՆ» ԱՐԴԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ

20 հուլիս, 2012

  • Нравится

Հայերենը հայերենով չի թարգմանվում, հայերենը հայերենի է վերածվում և հայերենի վերածված հերթական աշխատանքը Ուրբաթագիրքն է,- կարծում է Լուսինե Ավետիսյանը, ում կողմից 500 տարի անց, գրաբարից աշխարհաբար է թարգմանվել Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքը»: «Ուրբաթագիրքն» աղոթքների և մաղթանքների ժողովածու է, որը Հակոբ Մեղապարտը հրատարակել է 1512թվ-ին: Լուսինե Ավետիսյանն այսօր Արմավիրի մշակույթի տանը ընթերցողին ներկայացրեց Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքն» աշխարհաբար թարգմանությամբ: Լուսինեի առաջին գրքի շնորհանդեսը կայացել է 2000թվ-ին: Այսօր նրա 4-րդ գրքի շնորհանդեսն էր: Նա ստեղծագործում է ոչ միայն գրական ասպարեզում, այլև զբաղվում է քանդակագործությամբ, քանդակներ է պատրաստում օճառից, կավից, փայտից և այլ նյութերից, զբաղվում է նաև գեղանկարչությամբ, գրում է երգեր ու բանաստեղծություններ: Լուսինեի նպատակը հանդիսատեսին կամ ընթերցողին գոհացնելն ու հասկանալի լեզվով ներկայանալն է:

Ուրբաթագրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր Արմավիրի մարզպետարանը, ներկա էին մարզի ստեղծագործողները, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հետաքրքրված արմավիրցիները: Մարզպետը հպարտ էր, որ Որբաթագրքի աշխարհաբար թարգմանությունը կատարել էր Արմավիրցի Լուսինե Ավետիսյանը:

Գրքի շնորհանդեսին հաջորդեց «Գինեձոնի» կարգը, որը կատարեց Արմավիրի թեմի քահանա տեր Մաշտոց Ստեփանյանը: Նշենք, որ դասական հայերենով տպագրված Ուրբաթագրքի վրա Լուսինեն մոմից պատկերել էր Հակոբ Մեղապարտի քանդակը: Լուսինեի համար Ուրբաթագիրքը առանձնանում է հույսի, հավատի, մեղքերից ու հիվանդություններից բուժող զորությամբ, և դա է պատճառը, որ նա ձեռնամուխ է եղել գրքի թարգմանությանը: Ըստ Ավետիսյանի Ուրբաթագիրքն իրեն նոր շունչ ու բացահայտումների մի նոր ուղի է տարել: Ասում է պատահական չեմ համարում նաև Ուրբաթագրքի շնորհանդեսի ուրբաթ օրվա համընկնումը, գիրքն էլ առավել բովանդակալից ու տպավորիչ է դառնում, երբ ընթերցում ես ուրբաթ օրերը: Ավետիսյանը նպատակ ունի թարգմանել Հակոբ Մեղապարտի տպագրած մյուս 4 գրքերը ևս: