Տնտեսություն

Նորանշանակ գյուղնախարարը չի խնդրելու, որ գյուղացու բերքը մթերեն

29 սեպտեմբեր, 2016

  • Нравится

Գյուղատնտեսության նախարարի փոփոխությունը մեծ հույսեր արթնացրեց գյուղացիական տնտեսությունների շրջանում: Սպասում էին օր առաջ լսել նորանշանակ գյուղնախարար Իգնատ Առաքելյանի հուսադրող հայտարարությունները, սակայն նախարարի հենց առաջին հայտարարություններից հասկացան, որ ոչ բոլոր երազներն են իրականություն դառնում: Գյուղացիական տնտեսություններին զայրացրեց Առաքելյանի այն հայտարարությունը, որ մթերող կազմակերպությունները պետք է գյուղմթերքն ընդունեն այնպիսի գներով, որ իրենց արտադրանքը մրցունակ գին ունենա, կամ, որ գյուղացին պետք է մշակության ավելի էժան միջոցներ ձեռնարկի, որ իր արտադրանքի ինքնարժեքը ցածր լինի:
Գյուղացին յուրաքանչյուրից լավ և իրատեսական հաշվարկներ կարող է անել: Ըստ ալաշկերտցի Օնիկ Ասատրյանի, Արարատյան դաշտավայրում տեղական մթերողները հիմնականում ընդունում են լոլիկ և խաղող: Որքանո՞վ են մթերման գները համահունչ այս մշակաբույսերից ստացված ապրանքների իրացման գների հետ, կարելի է հաշվարկ կատարել:
Օրինակ, 5 կգ լոլիկից ստացվում է 1 կգ տոմատի մածուկ, որի վաճառքի գինը խանութներում տատանվում է 950-1100 դրամ: Լավագույն դեպքում 1 կգ լոլիկը մթերող կազմակերպությունները մթերում են 30 դրամով: Ստացվում է 1 կգ տոմատի մածուկում լոլիկի արժեքը կազմում է 150 դրամ: Մեկ կիլոգրամով էլ մթերողների պատճառաբանություններին նվիրենք, որ լոլիկը անորակ է, տեսակը այն չէ և այլն: Կստացվի, որ մեկ կիլոգրամ տոմատի մածուկում լոլիկի արժեքը կազմում է առավելագույնը 180 դրամ: Այսինքն, տոմատի մածուկի վաճառվող գնի մեջ լոլիկի գինը կազմում է մոտ 20 տոկոս:
Անցնենք խաղողին: Մեկ լիտր կոնյակի սպիրտ ստանալու համար անհրաժեշտ է 7 կգ որակյալ խաղող: Այս տարի խաղողը մթերվում է 130 դրամով: Հատուկ որակական չափանիշներով ու համապատասխան ստուգումներով, այսինքն 1 լ կոնյակի սպիրտ ստանալու համար գյուղացուն վճարում են 910 դրամ: Մեկ տարի հնեցման համար գործարանը ծախսում է 100 դրամ: Օրինակի համար, եթե գործարանը կոնյակի սպիրտը հնեցնում է 5 տարի, ծախսում է 500 դրամ: Գումարելով խաղողի արժեքը 5 տարի հնեցման ծախսերին, կստանանք 1410 դրամ: Մեկ լիտր կոնյակի սպիրտից ստացվում է 3 շիշ 0,5 լ պարունակությամբ 5 աստղով կոնյակ: 5 տարեկան Արարատ կոնյակի 0,5լ մեկ շիշը վաճառվում է 5500 դրամով: Այսինքն, արտադրողը մեկ լիտր կոնյակի սպիրտը 5 տարի հնեցնելով, խաղող գնելով, ծախսում է 1410 դրամ, գումարած մի 100 դրամ յուրաքանչյուր տարայի և պիտակների համար կստացվի 1710 դրամ, իսկ վաճառքից ստանում է 16 500 դրամ եկամուտ: Պարզ թվաբանությամբ ստացվում է, որ մեկ լիտր կոնյակի սպիրտի վաճառվող գնի մեջ խաղողի տեսակարար կշիռը կազմում է 5,5 տոկոս:
Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև գինու արտադրությունը:
Այս թվաբանության հետ բնականաբար համաձայն չեն լինի մթերողները, հազար ու մի փաստարկ կբերեն, արագ ու անհասկանալի ձևակերպումներով կփորձեն մեծացնել ծախսերը՝ սկսած գազի ու էլեկտրաէներգիայի գնից, վերջացրած իրացման խնդիրներով: Սակայն փաստը մնում է փաստ, որ մթերողները, օգտվելով առիթից, մթերման իրենց սակագինն են սահմանում, իսկ նորանշանակ գյուղնախարարը մեղադրում է գյուղացիներին, որ չեն կարողանում իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնել: Հարց գյուղնախարարին՝ միջազգային պրակտիկայում կա՞ն գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, որոնց ինքնարժեքում հումքի տեսակարար կշիռը կազմում է 5,5 տոկոս:

Դիտումներ՝ 695