Պատահարներ

ՆՈՐԱԾՆԻ ԴԻԱԿ ՄԱՅԻՍՅԱՆԻ ՋՐԱՏԱՐՈՒՄ

19 հունիս, 2012

  • Нравится

Հունիսի 18-ին Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի մշակելի հողատարածքների վերջնամասում գտնվող ջրատարից նորածնի դիակ է հայտնաբերվել: Ինչպես տեղակացանք Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանից, գյուղացիներից մեկը իր սեփականաշնորհված հողատարածքում ոռոգում իրականացնելիս է եղել, երբ փորձել է ջրատարից ջուրն իր հողի ուղղությամբ տանել, ջրի մեջ պարկ է նկատել, պարկի մեջ էլ երեխայի ձեռք: Նա Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանին է զանգահարել ու տեսածը պատմել, Մովսիսյանն էլ ոստիկանություն է զանգահարել և դեպքի մասին տեղեկացրել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից էլ տեղեկանում ենք, որ երեկ ժամը 8-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի վերջնամասում ջրատարի մեջ նորածնի դիակ կա: Նշված վայրում հայտնաբերվել է արական սեռի, չկտրված պորտալարով, առանց բռնության հետքերի նորածնի դիակ: Դեպքի վայրում են եղել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը, քննիչը, դատաբժիշկը, փորձագետը և օպերատիվ խումբը: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: