ՏԻՄ բարեփոխումներ

Մրգաշատի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը տեղյակ չէ, բայց հաշվապահը գիտի ամեն ինչ ՏԻՄ բարեփոխված օրենքի մասին

2 նոյեմբեր, 2017

  • Нравится

Մրգաշատը Արմավիրի մարզի խոշոր համայնքներից մեկն է, 5500 բնակիչ ունի, ավագանու 11 անդամ: Գյուղապետը տեղում չէ, աշխատակազմի քարտուղարը լուռ է, ոչինչ չգիտի, նույնիսկ չի կարող ասել ավագանու քանի անդամ ունեն, ինչ պարբերականությամբ են նիստերը կայանում: Փորձում է գտնել գյուղապետին ու մի վերջին անգամ զգուշացնում, որ ոչ մի հարցի չի պատասխանելու: Մրգաշատի գյուղապետարանի հաշվապահ Մարատ Հովհաննիսյանն է, ոչ միայն ավագանու աշխատանքներին է քաջատեղյակ, այլև ՏԻՄ բարեփոխված օրենքի ամեն կետին ու պահանջին: Հովհաննիսյանը վստահեցնում է՝ հնարավոր ամեն ինչ գյուղապետարանն անում է, որպեսզի հասարակությանը ներգրավվի ՏԻՄ աշխատանքներին ու այն դարձնի ավելի թափանցիկ ու հասանելի, բայց գյուղացիների անտարբերությունն անկոտրուն է:
Մրգաշատցիներին ոչ թե չի հետաքրքրում ՏԻՄ աշխատանքները, այլև ավելի շատ մտահոգում է ոռոգման ջրի խնդիրը,- ասում է ավագանու անդամներից մեկը: Նրա խոսքով, գյուղացու համար ավելի կարևոր է աշնանացանի կազմակերպումը, քան ավագանու նիստերի օրն ու քննարկվող հարցերը:
Մրգաշատի գյուղապետարանի համացանցային պաշտոնական կայքը գործում է, նիստերի որոշումները տեղադրված են, մի քանի նորություններ էլ գյուղի մասին: Համայնքի ղեկավարի հնգամյա ծրագրին, նպաստառուների ցանկին, բյուջեի կատարողականին նույնպես կարելի է ծանոթանալ կայքում:
Գյուղապետարանի հաշվապահը չի հերքում՝ գյուղապետարանի աշխատանքներում թերացումներ հնարավոր են, բայց դրանք բխում են ֆինանսական միջոցների բացակայությունից, իսկ գյուղացիներն այնքան հոգսաշատ են, որ նրանց միայն օրվա հացի խնդիրը լուծելն է մտահոգում, չնայած որ դա գյուղապետարանի աշխատակազմին գյուղացիների հետ համագործակցելու և նրանց հետաքրքրությունը դեպի ՏԻՄ աշխատանքները բարձրացնելու պարտականությունից չի ազատում: Հաշվապահը վստահեցնում է՝ ժամանակի ընթացքում օրենքի պահանջները կկատարվեն և բացթողումները կշտկվեն: