Տնտեսություն

ՄԵԶ ԻՆՉԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ…

13 հուլիս, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերում օգնությունների բաշխման առաջին օրվանից լարվածություն առաջացավ գյուղացիական տնտեսությունների հարևան բարեկամների միջև: Լարվածության պատճառները բազմաթիվ են. մեկին հասել է, մյուսին` ոչ, մեկը ընդգրկվել է ցուցակներում, մյուսը` ոչ, մեկը բոլոր օգնություններից օգտվել և օգտվելու է, մյուսը դուրս է մնացել բոլոր օգնությունների ցուցակից ու այդպես շարունակ:
Արմավիրի մարզի Շենավան համայնքում նույն վիճակն էր, սակայն մեզ մոտեցավ գյուղի բնակիչ Գագիկ Ենոքյանը, ով որպես օգնություն Կարմիր խաչի 4 տուփ էր ստացել, սկսեց բողոքել իր ստացած օգնությունից և հրավիրեց իր տուն տուփերի պարունակության հետ մեզ ծանոթացնելու նպատակով:
Մեր ներկայությամբ Գագիկը բացեց «Տավարի միս, շոգեխաշած, կտորներով» մետաղյա տուփը և լցրեց ափսեի մեջ: Ափսեն լցվեց ջրով մի քանի յուղի կտորներով և մի փոքր կտոր մսանման զանգվածով:
Նշենք, որ «Տավարի միս, շոգեխաշած, կտորներով» տուփի վրա գրված է, որ այն արտադրվել է 2013 թ-ի հունիսի 6-ին, արտադրվել է «Արեգա» Պահածոների գործարան ՍՊԸ կողմից, տուփի համաքաշը` 530 գրամ, մսի զուտ պարունակությունը` 87 տոկոս, այսինքն` մոտ 435 գրամ:
Գագիկը, ցուցադրելով մսի պարունակությունը, մեզ զայրացած հարցրեց. միսն է շատ, թե` ջուրը, մի 50 գրամ միս են գցել ջրի մեջ և որպես օգնություն տվել մեզ, էսի լցես շան առաջը, չի ուտի, մեզ ինչի տեղ են դրել:

Արեգա