Տնտեսություն

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

4 ապրիլ, 2013

  • Нравится

Վերջերս Արմավիր քաղաքի խաչմերուկներում հայտնվեցին ցուցանակներ, որոնց վրա փողոցների անուններն է գրված: Բացի դա, ցուցանակի ներքևի հատվածում երկաթյա ելուստով պատվանդան է ամրացված: Իհարկե ողջունելի է ու կարևոր, փողոցների անունները տեսանելի են ու դրա անհրաժեշտությունը հաստատ զգացվում էր, – ասում են արմավիրցիները, սակայն մեկ կարևոր խնդիր կա: Երկաթյա սյուների վրա տեղադրված այդ պատվանդաններն արտակարգ պատահարների առիթ են հանդիսանում: Խնդիրը նրանում է, որ գովազդային կամ լուսավորման համար նախատեսված պատվանդանը մարդկանց համար ոչ այնքան տեսանելի է, և շատերն արդեն տուժել են դրա պատճառով, դեմքով կամ գլխով արդեն 4 հոգի է հարվածել պատվանդանի անկյուններին, – ականատեսներն են պատմում: Գառնիկ Մելքոնյանը, օրինակ, անձամբ է տեսել, թե մի կին ինչպես գլուխը հարվածեց պատվանդանին ու արյուն հոսեց:
Վանիկ Հակոբյանը տուժողներից մեկն է, երկու օր առաջ քիթն է վնասել, ասում է շատ արյուն է կորցրել ու մի քիչ էլ բախտն է բերել քիթը չի կոտրվել: Հակոբյանը երեք տարբերակ ունի՝ երկաթյա սյունը, որի վրա պատվանդանն է, ու փողոցների ցուցանակները սխալ է կառուցված, ցածր է: Ըստ Վանիկի սխալ է ընտրված նաև դրանց տեղադրման վայրը, անհարմար է և անցումի հարևանությամբ, այսինքն մարդկանց հոսքը դրա կողքով ավելի շատ է, հետևաբար վտանգն ավելի մեծ, և երրորդ՝ սյան գույնը մուգ է, հատկապես երեկոյան ժամերին՝ անտեսանելի:
Հավանաբար ոչ տեղական իշխանությունները, ոչ էլ ցուցանակները տեղադրող կազմակերպությունը չէին մտածել, որ դրանք մարմնական վնասվածքների պատճառ կարող են հանդիսանալ: