Համայնքներ

ՄԱՐԳԱՐԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՄՇԱԿՎՈՒՄ

21 մարտ, 2013

  • Нравится

Մարգարան Արմավիրի սահմանամերձ գյուղերից մեկն է, որտեղ սահմանի ներսում գտնվող 300 հա հողատարածքների մեծ մասն անմշակ է: Պատճառը, ըստ Մարգարայի գյուղապետարանի քարտուղար Արարատ Արամյանի, սահման մուտք ու ելք անելն է: Ինչպես մյուս սահմանամերձ համայնքներում, այստեղ էլ սահմանի ներսում սեփական հողատարածք գյուղացին անցագրով է մտնում: Բայց խնդիրը, ի տարբերություն Բագարանի, ոչ թե անցագրի ուշացումն է, այլ հողատարածք ներս ու դուրս անելը, ապա հեռավորությունը: Գյուղապետարանի քարտուղարն ասում է, որ նշված հողատարածքներ հասնելու համար գյուղացին պետք է մոտ 10 կմ ճանապարհ անցնի: Բացի դա գյուղատնտեսական սեզոնին, հատկապես բերքահավաքի ժամանակ, հողատարածք մուտ ու ելք անելու ժամանակը սահմանափակ է, իսկ դա գյուղացու համար մի շարք անհարմարություններ է ստեղծում: Օրինակ, գյուղացին դեռ չի ավարտել օրվա բերքահավաքը, բայց ժամը 18:00-ին ասենք ստիպված է լքել տարածքը, կարգն է այդպես, եթե ՌԴ սահմանապահները հնչեցնում են հատուկ ազդանշանը, նշանակում է գյուղացին պետք է լքի սահմանամերձ գոտին: Մարգարեցի Հրաչիկ Սամսոնյանը, ով նույնպես 1 հա սեփականաշնորհված հողամաս ունի սահմանի ներսում, արդեն 5 տարի է, անմշակ է թողել հողատարածքը: Սամսոնյանը մեկ պատճառ էլ ունի դրա համար, օրինակ ասում է գյուղում ոռոգման ջրի խնդիր կա: Ըստ նրա հողատարածքը ոռոգելը համեմատաբար ավելի հեշտ է գիշերային ժամերին, իսկ գիշերը սահման մտնելն անհնար է: Ոռոգման ջրի խնդիր գյուղում միշտ է եղել,- հաստատում է գյուղապետարանի քարտուղարը, ասում է Մարգարան տարածքի վերջին գյուղերից է, մինչև ջուրը գյուղ է հասնում, գյուղացին ոռոգման ջրի պակասը շատ է զգում: Մարգարեցիները հիմնականում իրենց տնամերձ հողամասերում ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ են զբաղվում, որտեղ ոռոգման հարցը սեփական տան բակերում փոքրիկ խորքային հորերի միջոցով են լուծում: Խնդիրներն այստեղ շատ են. վթարային է մշակույթի տան շենքը, անմխիթար գյուղամիջյան ճանապարհները, մեծ է գյուղը լքող ընտանիքների թիվը: Մասամբ լուծված է խմելու ջրի հարցը: Սակայն, չնայած դժվարություններին, այստեղ պահպանվել են հին ու բարի ավանդույթները, այս մասին պատմում են գյուղի տարեցները: Մարգարայի մասին պատմող տեսանյութը շուտով: