Տնտեսություն

Մատակարարները պատրաստ են սկսել ոռոգման սեզոնը

4 մարտ, 2015

  • Нравится

Ոռոգման սեզոնն Արմավիրի մարզում պաշտոնապես կմեկնարկի մարտի 15-ին, սակայն պահանջարկի դեպքում այսօր էլ կարող են սկսել ջրամատակարարումը: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ստուգայցի միջոցով տեղում ծանոթանում էր ոռոգման ցանցի և ենթակառույցների ավարտական աշխատանքներին: «Արմավիր» ՋՕԸ սպասարկման տարածքում գտնվող Հուշակերտի պոմպակայանում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Մերձափնյա» ՋՕԸ սպասարկման տարածքում նախարարը ծանոթացավ միջտնտեսային ջրանցքների և ներտնտեսային ջրատարների մաքրման աշխատանքներին: «Մերձափնյա» ՋՕԸ սպասարկման տարածքում ընդգրկված է 16 համայնք, որոնցից 10-ում ցանցն ամբողջությամբ պատրաստ է ջուր ընդունելուն, մյուս 6-ը պատրաստ կլինի մեկ շաբաթից:
Գյուղացիները, նախորդ տարվա փորձի մտավախությունից, նախարարից հետաքրքրվեցին այս տարվա ոռոգման ջրի ծավալներից:
Գյուղացիներն անհանգստացած էին գյուղի ծայրամասերում գտնվող հողատարածքների ոռոգման խնդիրներով, որի պատճառը ջրատարների անմխիթար վիճակն է:
Ըստ նախարարի, ջրի դեֆիցիտ առաջանում է հիմնականում հուլիս և օգոստոս ամիսներին: Սերգո Կարապետյանի խոսքով, եթե ջուրն արդյունավետ օգտագործվի և հավասարաչափ բաշխվի, ոռոգման սեզոնին խնդիրներ քիչ կլինեն:
Նախարարը ոռոգման ջուր մատակարարողներին հանձնարարեց արագացնել նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական սեզոնին ոռոգման ջրի բավարար քանակին, Սերգո Կարապետյանը հարցի մասին խոսելը վաղ համարեց:
Սերգո Կարապետյանի աչքից չվրիպեց բողբոջած ծիրանենին: Եթե եղանակն անակնկալ չմատուցի, ծիրանի անհավանական բարձր բերք կգրանցվի: