Համայնքներ Մայիսյան

Մայիսյանի 5 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման ճակատագիրն անհայտ է, բայց մանկապարտեզ ունենալու հույսը մեծ…

18 դեկտեմբեր, 2015

  • Нравится

Մայիսյանցիների համար գյուղի առաջնային խնդիրների մեջ է մտնում ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Գյուղացիներն ասում են, որ ճանապարհների պատճառով նույնիսկ տաքսիներն են հրաժարվում Մայիսյան ուղևոր փոխադրել, իսկ սեփական ավտոմեքենաները սովորականից մի քանի անգամ ավելի շատ է պետք լինում վերանորոգել: Մայիսյանում ասֆալտապատում չի կատարվել խորհրդային տարիներից ի վեր, իսկ պարբերաբար կատարված փոսալցումները գրեթե անօգուտ են:
Մայիսյանի գյուղապետի քառամյա ծրագրում հստակ գրված է՝ 2014թվ-ին նախատեսվում է հետևյալ աշխատանքներն ու դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրները: Ըստ այս գլխի, համայնքապետը 2014-ին պետք է իրականացներ հետևյալ աշխատանքները՝ համայնքի ճանապարհների ասֆալտապատում, այդ աշխատանքների համար ֆինանսական միջոցներ պետք է տրամադրվեր համայնքի բյուջեով նախատեսված եկամուտների և օրենքով նախատեսված այլ աղբյուրներից: Գյուղապետից փորձեցինք պարզել համայնքի ճանապարհները ե՞րբ են վերջին անգամ ասֆալտապատվել, և արդյոք հնարավոր չէ՞ գյուղի ընդհանուր 5 կմ երկարությամբ ճանապարհն ասֆալտապատել: Ըստ Եսայի Մովսիսյանի, խնդիրը մշտապես օրակարգում է, գյուղի մոտ 39 մլն դրամ բյուջեով ճանապարհն ասֆալտապատելն անհնար է, գյուղապետարանը տարեկան ընդամենը 1 մլն դրամ է կարողանում հատկացնել ճանապարհների մասնակի վերանորոգման համար: Ըստ գյուղապետի, խնդիրը կարող է լուծվել միայն պետական մոտեցմամբ:
Երբ փորձում էինք Մայիսյան համայնքի աչքի զարնող խնդիրներին անդրադառնալ, պարզվեց, որ մայիսյանցիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն իրենց համայնքի ավագանու անդամների ով լինելուց:
Գյուղի հիմնական խնդիրներից է շարունակում մնալ մանկապարտեզի շենքի վերակառուցումը: Գյուղում մանկապարտեզի հասակի 50-ից ավելի երեխա կա: Նշենք, որ այստեղ մանկապարտեզը չի գործում արդեն 21 տարի: Պատճառը կայանում է նրանում, որ 90-ականներին գյուղի բազմաբնակարան շենքերից մեկը հրդեհվել էր և այդ շենքի 4 ընտանիքներ ժամանակավորապես տեղափոխվել էին մանկապարտեզի շենք, իսկ քանի որ տվյալ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար կառավարությունն այս տարի է գումար տրամադրել, հետևաբար մանկապարտեզի շենքի վերանորոգումը, որը նախատեսվում էր այս տարի իրականացնել, կիրականացվի 2016թվ-ին: Ըստ Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանի, հարցն արդեն ներկայացրել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մարզպետը խնդիրը կբարձրացնի կառավարություն: Գյուղապետի մոտավոր հաշվարկներով մանկապարտեզի շենքի վերակառուցման համար անհրաժեշտ կլինի 50-60 մլն դրամ: