Պատահարներ

Մահացել է 20 շաբաթական հղի 29-ամյա Նարինե Շարոյանը

4 հուլիս, 2014

  • Нравится

Հուլիսի 1-ին Արմենիա բժշկական կենտրոնում, առայժմ անհայտ հանգամանքներում, մահացել է Մեծամորի 31 շենքի 32 բնակարանի բնակիչ 29-ամյա Նարինե Շարոյանը, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հունիսի 29-ին 20 շաբաթական հղի Նարինե Շարոյանի մոտ սկսվել են անզուսպ փսխումներ: Ամուսինը՝ Գագիկ Մինասյանը, նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, կնոջը տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն: Նարինեի սկեսրայրը, ով առավոտյան շտապօգնությունով տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, պատմում է, որ Արմավիրի հիվանդանոցում Նարինեի վիճակն ավելի է վատացել:
Հիվանդանոցը, հիմնվելով հարազատների այն հայտարարությանը, որ հիվանդը նախօրեին ուշ երեկոյան ձմերուկ է կերել և հավանական է սննդային թունավորում, տեղափոխել են ինֆեկցիոն բաժանմունք: Այստեղ հիվանդանոցի գինեկոլոգ Արմեն Վարդանյանն ախտորոշել է, որ հիվանդի մոտ առկա է արյունահոսություն և շտապ տեղափոխել վիրահատարան: Վիրահատության ժամանակ Արմեն Վարդանյանը մասնագետներ է հրավիրել Երևանից:
Ըստ վիրահատող բժշկի, հիվանդի մոտ տեղի էր ունեցել պտղի շերտազատում: Մանկաբարձ-գինեկոլոգի պատմելով, սկզբում կատարվել է փոքր կեսարյան հատում, այնուհետև արգանդի հեռացում:
Ըստ հիվանդի հարազատների, վիրահատությունից հետո Նարինեի մոտ արյունահոսությունը չի դադարել և գնալով վիճակն ավելի է ծանրացել:
Նարինեի սկեսրայրը՝ Պետրոս Մինասյանը, պատմում է, որ վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ: Նրա խոսքով պարբերաբար տեղեկացել են, որ հարսի մոտ արյունահոսությունը չի դադարում: Ի վերջո որոշել են Նարինեին Երևան տեղափոխել: Հունիսի 29-ին կեսգիշերին հիվանդին տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ, վերականգնողական միջոցառումներից հետո, Նարինեի վիճակը գնալով լավանում է: Սկեսրոջ խոսքով Նարինեն բացում է աչքերը, սեղմում ամուսնու ձեռքը:
Արմավիրի բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արմեն Վարդանյանը ևս հաստատում է, որ Նարինեի առողջական վիճակը գնալով կայունանում էր: Սակայն երրորդ օրը հիվանդի վիճակը կտրուկ վատանում է և մահանում: Արմեն Վարդանյանի համար Նարինեի մահը դեռ անհասկանալի է մնում:
Նարինեի հարազատները մահվան մեջ մեղադրում են Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկներին, ովքեր անմիջական առնչություն են ունեցել վիրահատության հետ:
Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկները հավաստիացնում են, որ իրենց կողմից արվել է հնարավոր ամեն ինչ Նարինեի կյանքը փրկելու համար:
Նարինե Շարոյանի մահվան պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: