Սարդարապատի լոլիկի և սմբուկի ցանքատարածություններում ճրագախոտը շարունակում է իր սև գործը: Գյուղատնտեսության նախարարության կողմից փորձարկված թունաքիմիկատներն արդյունք չտվեցին: Այս պահին մոլախոտի դեմ պայքարի միակ միջոցը մնում է քաղհանը կամ ձեռքով ճրագախոտը հեռացնելը: Արմավիրի ԳԱՄԿ մասնագետները վստահեցնում են, որ մոլախոտի դեմ պայքարի մի շարք ձևեր են մշակվում, արտասահմանյան փորձն է ուսումնասիրվում, փորձում են արտերկրից մասնագետներ հրավիրել և իրավիճակը մեղմացնելու միջոցներ գտնել: Առայժմ մասնագետները գյուղացիներին խորհուրդ են տալիս ճրագախոտով վարակված հողատարածքներում ցանքաշրջանառություն իրականացնել, կամ խափուսիկ ցանքս իրականացնել: Մինչև մասնագետները խորհուրդներ են տալիս, գյուղացիական տնտեսություններն օր-օրի բերքի կորուստ են գրանցում, սարդարապատցիներից շատերն անգամ թողել են լոլիկի ցանքատարածությունները, նրանց խոսքով այլևս բերք ակնկալելն ավելորդ է: Նշենք, որ ճրագախոտը գտնվում է իր վեգետացիոն շրջանում: