Հասարակություն

Հրդեհի առաջացման հիմնական պատճառները բնակարաններում

23 փետրվար, 2016

  • Нравится

Համաձայն վիճակագրական տվյալների, բնակարաններում հրդեհի առաջացման պատճառները հետևյալն են`
Առանց հսկողության մնացած երեխաների խաղը լուցկու և զանազան էլեկտրասարքերի հետ:
Անկողնում ծխելը, հատկապես`անսթափ վիճակում:
Կրակի հետ անզգույշ վարմունքը (տարբեր ներկերի ու մածուկների տաքացնելը, սպիտակեղենի չորացնելը ջեռուցման սալիկի կամ վառարանի մոտ և այլն):
Էլեկտրասարքերի և լամպերի տեղակայումը վարագույրների, պաստառների ու փայտյա կառուցատարրերի անմիջական հարևանությամբ:
Էլեկտրական վարդակին մեծ թվով սպառիչների միաժամանակյա միացումը:
Էլեկտրական հաղորդալարերի կարճ միակցումը ( միացումը):
Հագուստի մաքրման համար բենզինի ու տարատեսակ լուծիչների օգտագործումը:
Սեղանի լամպերի ծածկելը թղթով կամ կտորով և այլն:

Հիշեք, եթե դուք չմարեք կրակը մի քանի վայրկյանների ընթացքում, ապա այն տարածվելով` կառաջացնի խոշոր հրդեհ:

Ձեր գործողությունը հրդեհի ժամանակ`

Անմիջապես ահազանգեք հրշեջներին ինքներդ (911 կամ 101 ) կամ հարևանների միջոցով: Հրդեհի մասին հայտնեք հարկի հարևաններին, խնդրեք նրանց անվտանգ տեղ դուրս բերել երեխաներին ու տարեցներին, ինչպես նաև մյուս հարկերի բնակիչներին ևս տեղեկացնել հրդեհի մասին:
Չսպասելով հրշեջների ժամանմանը հարևանների օգնությամբ սկսեք մարել հրդեհը ձեռքի տակ եղած միջոցներով (կրակմարիչ, լվացքի փոշի, խիտ թաց կտոր, ջուր և այլն): Եթե կա հոսանքահարման վտանգ` անջատեք բնակարանի էլեկտրամատակարարումը:

Հիշենք`

ա) Որ դյուրավառ հեղուկները ջրով մարելը անարդյունավետ է : Ավելի լավ է օգտագործել կրակմարիչ, իսկ դրա բացակայության դեպքում` թաց կտոր, ավազ կամ նույնիսկ ծաղկամանի հող։

բ) Մի բացեք դռներն ու պատուհանները, մի  կոտրեք ապակիները, որպեսզի խուսափեք դեպի հրդեհի օջախ օդի ներհոսքից: Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է բացել դեպի այրվող սենյակ տանող դուռը, արեք դա կանգնելով դռան կողային մասում և ձեռքերով ծածկեք դեմքը, որպեսզի չայրվեք դուրս նետված  բոցից:

գ) Եթե սեփական ուժերով անհնար է վերացնել այրման օջախը, ապա անմիջապես հեռացեք բնակարանից` պինդ փակելով դուռը: Հարևանների օգնությամբ ջուր ցանեք դռան վրա, որպեսզի կանխեք հրդեհի տարածումը:

դ) Կազմակերպեք հրշեջ ստորաբաժանումների դիմավորումները, նրանց ցույց տվեք հրդեհի օջախի տեղը և հայտնեք այրվող բնակարանում գտնվող մարդկանց մասին:

ե) Եթե անհնար է տարհանվել աստիճանավանդակներով, ապա օգտվեք արտաքին հրշեջ սանդուղքներից:

զ) Եթե դրանք չկան` դուրս եկեք պատշգամբ, պինդ փակեք դուռը և աղաղակներով կամ այլ  կերպ փորձեք հրավիրել անցորդների ու հրշեջների ուշադրությունը: Մի` փորձեք ինքնուրույն տեղափոխվել հարևան պատշգամբ` դա շատ վտանգավոր է:

է) Խորհուրդ ենք տալիս նախօրոք  ապահովագրել Ձեզ և Ձեր ունեցվածքը հրդեհից: Փաստաթղթերն ու  դրամը պահեք ընտանիքի բոլոր անդամներին հայտնի տեղում` հրդեհի ժամանակ անսպասելի տարհանման դեպքում անակնկալի չգալու համար:

ՀՀ ՏԿԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչություն