ՏԻՄ բարեփոխումներ

Հո զոռով չենք բերելու ասենք արի նիստին մասնակցի

20 սեպտեմբեր, 2017

  • Нравится

2017թ.հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ բարեփոխված օրենքը հստակ կանոնակարգում է և պարտադրում, որ ՏԻՄ-ները հրաժարվեն իրենց որդեգրած փակ և հասարակությունից կտրված աշխատաոճից:
Նոր օրենքը, կախված բնակչության թվից, նոր պահանջներ է ներկայացնում համայնքի գործադիր և օրենսդիր մարմինների նկատմամբ: Օրինակ, Մյասնիկյան համայնքը, ունենալով 4000-ից ավելի բնակիչ, ըստ օրենքի, լրացուցիչ պահանջների պետք է բավարարի: Մասնավորապես, արդեն իսկ պետք է գործեր համայնքի համացանցային պաշտոնական կայքը: Մեր այցելության ժամանակ Մյասնիկյան համայնքի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը մեծ ջանքեր էր գործադրում ապացուցելու համար, որ համայնքը պաշտոնական կայք ունի:
Ըստ գյուղապետի, կայքը կարողանում է բացել միայն աշխատակազմի քարտուղարը, ով տեղում չէր: Փորձեցինք անձամբ այցելել Մյասնիկյան համայնքի պաշտոնական կայք, պարզվեց անունը կար, բայց նման կայք գոյություն չուներ:
Մյասնիկյան համայնքի ՏԻՄ վրա այլ պահանջներ էլ են ավելացել: Օրինակ, համայնքի ավագանին, ունենալով 9 անդամ, պետք է ավագանիում ունենա մշտական գործող հանձնաժողովներ, որոնք մինչև նիստը պետք է ուսումնասիրեն նիստի օրակարգի հարցերը և տան իրենց եզրակացությունը:
Համայնքի ղեկավարը ոչ միայն տեղյակ չէր օրենքի այդ դրույթին, այլև հստակ չգիտեր ավագանու անդամների քանակը:
Գյուղապետի անտեղյակությունը ուղիղ համեմատական է գյուղացիների անտեղյակությանը: Նրանք ևս հետաքրքրված չեն ավագանու անդամներով, գիտեն միայն՝ ունեն գյուղապետ ու նա չի կարող իրենց խնդիրներին լուծում գտնել: Մյասնիկյանցիների միակ անհանգստացնող խնդիրը խմելու ջուրն է, որ չկա:
Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը սակայն վստահ է՝ եթե գյուղացուն հետաքրքրի, ավագանու նիստերին կմասնակցի:
Հայտարարությունների վահանակ, որպես այդպիսին, գյուղում չկա: Գյուղապետն ասում է, որ նիստերի օրվա, ժամի և օրակարգի, ինչպես նաև որոշումների մասին գյուղապետարանում փակցված վահանակի վրա են տեղադրում:
Վահանակը կար, բայց դատարկ էր:

Դիտումներ՝ 234