Հասարակություն

Հոկտեմբերյան-Արմավիր գլուխկոտրուկը

13 հոկտեմբեր, 2018

  • Нравится

Մի անմեղ հոկտեմբերյանցի, ապրելով ՌԴ քաղաքներից մեկում, որոշեց օգտվել ՌԴ իր սահմանադրական իրավունքից և անցնել թոշակի: Արտառոց ոչինչ չկա, մարդն ուզում է անցնել վաստակած հանգստի, սակայն իր աշխատանքային գրքույկում նշված է, որ աշխատել է Հոկտեմբերյանի այս կամ այն կազմակերպությունում: Ռուսները, չվստահելով հոկտեմբերյանցուն, որոշեցին ստուգել ու տեսան, որ քարտեզի վրա Հոկտեմբերյան անունով քաղաք չկա: Մերժեցին ընդունել աշխատանքային ստաժը: Կինն օրերով բացատրում էր, որ Հոկտեմբերյանի անունը փոխվել է և անվանվել Արմավիր: Ռուսները շարունակեցին չվստահել կնոջը և պահանջեցին տեղեկանք առ այն, որ Հոկտեմբերյանը վերանվանվել է Արմավիր:
Կինը ստիպված եկավ Հայաստան, դիմեց Արմավիրի մարզպետարան և խնդրեց տրամադրել տեղեկանք, որ Հոկտեմբերյան քաղաքի անունը վերանվանվել է Արմավիր:

Արմավիրի մարզպետարանը պատշաճ ձևով տրամադրեց տեղեկանք, որ 1992թ. հունիսի 25-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Հոկտեմբերյանի շրջանը վերանվանվել է Արմավիրի շրջանի, իսկ Հոկտեմբերյան քաղաքը՝ Արմավիր քաղաքի:
Կնոջը՝ Քնարիկ Սարդարյանին, այժմ արդեն մնում էր արխիվից վերցնել որոշման լուսապատճենը, թարգմանել ու տանել ՌԴ:
Արխիվում վճարումներ կատարելուց հետո ստացավ ՀՀ ԳԽ 1992թ. հունիսի 25-ի որոշումը, ըստ որի ԳԽ մերժել է պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի միջնորդությունը Հոկտեմբերյան քաղաքը Արմավիր վերանվանելու մասին:

Հանելուկային ձևով Հոկտեմբերյանը դարձել է Արմավիր, այնուհետև 2000 թվականին, արդեն Արմավիր քաղաքի ավագանին միջնորդություն ներկայացրեց Արմավիր քաղաքը վերանվանել Հոկտեմբերյան: Դա էլ մնաց անպատասխան:

1996թ. մարզպետարանների կազմավորման հետ Հոկտեմբերյան քաղաքն առանց հիմքի դարձավ Արմավիր, իսկ Էջմիածին քաղաքը՝ Վաղարշապատ:
Այսօր համայնքային պատկանելիության կառույցները Էջմիածին քաղաքինն են, ասենք՝ մանկապարտեզ, գրադարան, բարեկարգում, երաժշտական դպրոց, իսկ մարզային պատկանելիության կազմակերպությունները Վաղարշապատինը՝ հիվանդանոց, դպրոց և այլն:
Վերջապես այս շիլաշփոթից տուժելու են բնակիչները, ինչպես օրինակ մեր պատմության հերոսը: