Տնտեսություն

ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐԱ՞ՆՔ Է, ԹԵ՞ ԿԱՄԱՎՈՐ

27 ապրիլ, 2013

  • Нравится

«Արմավիր, սպորտ, մշակույթ, երիտասարդություն» հիմնադրամն Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ բացվել է 2012թ. նոյեմբերին: Հիմնադրամը նպատակ ունի մարզում զարգացնել մշակույթն ու սպորտը, խրախուսել մարզիկների և մշակութային գործիչների աշխատանքը,- վստահեցնում է մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: Կա մշակված դիմումի ձև, որտեղ անուն-ազգանուն դնելով և ստորագրելով, Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավորության սկզբունքով խնդրում են իրենց աշխատավարձի հաշվին աջակցել հիմնադրամին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն աջակցությունը ոչ այնքան կամավոր, որքան պարտադրանք էր: Մենք փորձեցինք պարզել հիմնադրամ աջակցություն ցուցաբերելու սկզբունքը: Այցելեցինք մարզի գյուղական և քաղաքային մի շարք հանրակրթական դպրոցներ: Մեզ հաջողվեց զրուցել միայն տնօրենների հետ, և վերջիններիս ջանքերով, ուսուցիչներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ տնօրենները վստահեցնում էին, որ հիմնադրամ փոխանցվող ներդրումներն ուսուցիչների աշխատավարձից բացառապես կամավորության սկզբունքով է կատարվում: