Տնտեսություն

Հացահատիկի մասսայական բերքահավաքը սկսվել է

12 հուլիս, 2015

  • Нравится

Պեմզաշենցի կոմբայնավար Համլետ Ավդալյանը 10 օր է Արմավիրի մարզում է, մասնակցում է հացահատիկի մասսայական բերքահավաքին: Այս շրջանում մարզի 46 կոմբայններին օգնության են գալիս այլ մարզերի կոմբայնավարներ: Այժմ մարզում աշխատում է 95 կոմբայն: Ավդալյանը նկատել է, որ այս տարի Արմավիրում հացահատիկի բերքատվությունը սովորականից բարձր է: Առանձին հողատարածքներում մեկ հեկտարից մինչև 70 ցենտներ հացահատիկ է ստացվել:
Կոմբայնավարի միակ մտահոգությունը կոմբայնի տարիքն է: Ասում է խորհրդային տարիներից ժառանգած տեխնիկայով մի կերպ են կարողանում գործը գլուխ բերել: 55-ամյա Ավդալյանը կատակով ասում է՝ կոմբայնի տարիքից արդեն ամաչում է:
Մինչև կոմբայնավարը շտապում է հացահատիկի հաջորդ ցանքատարածություն տեղափոխվել, լուկաշինցի Համլետ Մկրտչյանը արդյունքներն է ամփոփում և հավելում, որ 6000 քմ հողատարածքից մոտ 3 տոննա բերք ստանալը բարձր ցուցանիշ է: Ըստ Համլետի, հացահատիկի մշակությունը շահավետ զբաղմունք է:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Համլետի կարծիքը չի կիսում: Արմավիրի մարզում հացահատիկի ցանքատարածոությունները գնալով նվազում են՝ իրենց տեղը զիջելով այլ կուլտուրաների: Օրինակ, մոտ տասը տարի առաջ մարզում 21 000 հեկտարից ավելի հացահատիկի ցանքատարածություն կար: Այս տարի աշնանացան ցորենի և գարնանացան գարու ցանքատարածությունները կազմում են ընդամենը 5500 հեկտար:
Մարզպետին հացահատիկի մթերման սակագինն է անհանգստացնում: Մթերողները հիմնականում անհատներ են, ովքեր բերքահավաքի սեզոնին փորձում են գին թելադրել:
Մարզպետի խոսքով, այժմ մարզպետարանը փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր մթերող կազմակերպությունների հետ, ովքեր հացահատիկի մեկ կիլոգրամը կգնեն 120 դրամով՝ եթե ցորենի որակը համապատասխանի իրենց ստանդարտներին: