Հասարակություն

Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սուրեն Կարապետյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվեց

5 դեկտեմբեր, 2015

  • Нравится

Արմավիրցի Սուրեն Կարապետյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերան է: Պատերազմ է գնացել 17 տարեկան հասակում, շատ հիշողություններ ունի կիսելու, ասում է դրանք վերապրում է յուրաքանչյուր օր և պատմելու համար օրը բավական չի լինի: Սուրեն պապը սիրում է խորհուրդներ տալ երիտասարդներին, ոգեշնչել ու հորդորել, որ հայրենիքը քաղցր բան է և հայրենիքի պաշտպանության գործում չպետք է տատանվել ու միշտ պատրաստ պետք է լինել:
Հպարտությամբ է նայում կրծքին ամրացված մեդալներին, դրանք բոլորն էլ իրենց խորհուրդն ու իմաստն ունեն: Սուրեն Կարապետյանի մեդալները շարունակում են ավելանալ:
Արմավիրի մարզպետարանում կազմակերպված միջոցառումը հատուկ նշանակություն ուներ Սուրեն Կարապետյանի համար: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով ՌԴ Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» հայկական կազմակերպության նախագահ Ռադիկ Գինոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական Մեծ պատերազմի վետերան, Արմավիրի վետերանների միության պատվավոր անդամ Սուրեն Կարապետյանին հանձնեց «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ:
Սուրեն Կարապետյանը հոբելյանական մեդալ ստացավ նաև Պսկովի մարզպետարանի կողմից, իսկ մարզի վետերանների խորհրդի նախագահը նրան շնորհակալագիր էր փոխանցել՝ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելու և հաղթանակի գործում մեծ ներդրում ունենալու համար:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նույնպես շնորհավորեց Սուրեն Կարապետյանին և շնորհակալություն հայտնեց Հայրենական Մեծ պատերազմում ջանասիրաբար ու հայրենանվեր կռիվ մղելու համար: Սուրեն պապն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր սիրում, գնահատում և չեն մոռանում վետերաններին: Հանուն խաղաղության տարած հաղթանակը պետք է պահպանվի, մեր երիտասարդները պետք է միասնական լինեն, ամուր կամք դրևորեն և իրենց երկրի պահապանը լինեն, պետք է սիրել ընկերոջը, պահել ու պահպանել երկիրն ու երկրի խաղաղությունը, – ասաց Սուրեն Կարապետյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սուրեն Կարապետյանի խոսքը հաստատելով, ավելացրեց, որ, գնահատելով մեր պապերի ու հայրերի սխրանքը հանուն խաղաղության, վստա՛հ եղեք, որ Ձեր որդիներն ու թոռները շարունակում են Ձեր հայրենանվեր գործը: Մեր զինված ուժերը, մեր զինվորները պատվով պահպանում են մեր հայրենիքի սահմանները:
Իսկ Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» հայկական կազմակերպության նախագահ Ռադիկ Գինոսյանին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետի պատվոգրով պարգևատրեց՝ Սփյուռքում հայապահպան գործունեության և Արմավիրի մարզի հետ համագործակցության համար: