Մշակույթ/Սպորտ

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին» խորագրով համաժողով

22 հունվար, 2015

  • Нравится

ՀՀ փաստաբանների պալատի Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակում տեղի ունեցավ գիտաժողով, որտեղ պատմաբանները մեջբերեցին բոլոր այն փաստերը, որոնք ապացուցում էին ցեղասպանությունը որպես պատմական անժխտելի իրողություն և որպես միջազգային հանցագործություն: Սա փաստաբանների և պատմաբանների խորհրդի առաջին նիստն էր, որտեղ կարևորագույն խնդիրներից մեկն այն էր, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր ու ապացուցողական նշանակություն ունեցող իրավական ակտերը դրվեն լայն քննարկման և կատարվեն անհրաժեշտ գործողություններ: Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իրավաբանների այս համաժողովի հիմնարար նպատակներից մեկն այն է, որ համապարփակ ուսումնասիրելով և վերհանելով Հայոց ցեղասպանության իրավական հիմնահարցերը, գործնական ներդրում ունենալ 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի միջազգային ճանաչման գործընթացում: Փաստաբանի մեկնաբանությամբ քաղաքական և պատմական առումով արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ: Օսմանյան կառավարության կողմից հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներում՝ սկսած առանձին մտավորականներից մինչև պետություններ: Իր ելույթում Գուրգեն Գրիգորյանն ընդգծեց, որ իրավական տեսանկյունից ցեղասպանությունը միջազգային իրավունքում ընդունված ծանրագույն հանցագործություն է, որի իրավական սահմանումը տրվել է ցեղասպանության հանցագործությանը վերաբերող հիմնական իրավական ակտի՝ 1948թ-ի ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի շրջանակներում: Պատմաբան Վահան Միքայելյանը ներկայացրեց Նեմեսիս գործողությունը: 1915թ. հայոց ցեղասպանությունը հայ բազմաթիվ քաջորդիների հանգիստ չէր տալիս: Նրանք գիտակցում էին, որ անհրաժեշտ է առաջին հերթին պատժել ցեղասպանության կազմակերպիչներին: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից հետո ցեղասպանության կազմակերպիչները փախել էին Թուրքիա, սակայն Թուրքիայի դատարանը 1919 թվ-ին Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և դոկտոր Նազըմին դատապարտեց մահապատժի: Թուրքիայի կառավարությունը 1919թվ-ին անգլերեն լեզվով հրատարակեց գիրք-շրջաբերական, որտեղ ասվում էր. «Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը: Նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով… » Նույն, 1919թվ-ին ՀՅԴ 9-րդ ժողովը որոշում կայացրեց նրանց պատժելու մասին: Ստեղծվեց կազմակերպչական խումբ, որը ղեկավարում էր ԱՄՆ-ում Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչ, կամավորական շարժման նշանավոր գործիչ Արմեն Գարոն: Վրիժառական գործողության ջատագովն ու կազմակերպիչը հայտնի հասարակական –քաղաքական գործիչ , գրող Շահան Նաթալին էր: Ֆրանսիական կողմը՝ Հրաչ Փափազյանը, որը Մեհմեդ Ալի մականունով, որպես թուրք ուսանող, թափանցել էր թուրք վտարանդիների բարձր շրջանակներ և տեղեկություներ էր հավաքում թուրք հանցագործ պարագլուխների գտնվելու վայրի մասին և փոխանցում Շահան Նաթալիին: Քանի որ գործողության նպատակը ոչ թե ահաբեկչությունն էր, այլ 1.5 միլիոն անմեղ զոհված, սպանված հայերի վրիժառությունն էր, ուստի գործողությունն անվանվեց «Նեմեսիս»:
Նեմեսիսի ընթացքում նախատեսված էր պատժել 650 ջարդարարի, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր կազմակերպիչներ: Սակայն գործողությունն ամբողջությամբ չիրականացվեց, քանի որ 1922թվ-ին, հավատալով միջազգային ուժերի խոստումներին՝ լուծելու հայ դատի հարցը, որոշում կայացվեց դադարեցնել պատժական գործողությունները: Շարունակելով ելույթը, պատմաբան Միքայելյանը նշեց՝ այսօր, երբ լրանում է հայոց ցեղասպանության 100 տարին, անհրաժեշտ է հայության ուժերով, համախմբվածությամբ պայքարել ցեղասպանության ճանաչման հայ ժողովրդի կորուստների համար Թուրքիայի կողմից հատուցման համար:

Դիտումներ՝ 3517