Հասարակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

27 հունվար, 2014

  • Нравится

Հայկական բանակին նվիրված միջոցառումներ անցկացվում են Հանրապետության ողջ տարածքում: Միջոցառումներից անմասն չի մնում նաև Արմավիրի մարզը: Արմավիրի մարզում տեղակայված բոլոր զորամասերի հրամանատարները, բանակի տարածման գործում մեծ ավանդ ներդրած մարտիկներն ու հայրենասերները, հանրակրթական դպրոցների տնօրենները, մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին, Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը անցկացրեցին մեծարման ցերեկույթ՝ նվիրված հայկական բանակի կազմավորմանը: Մեծարման խոսքեր ուղղելով հայ զինվորներին, ներկաներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են հայ ընտանիքի խաղաղ անդորրն ու հայրենիքի սահմանները: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորական ուղերձում նշեց, որ ճակատամարտը շահում են նրանք, ովքեր կյանքի գնով ազատագրում են հայրենիքը: Ազգային բանակի տոնի կապակցությամբ Արմավիրի մարզպետի կողմից դրամական պարգևներ ստացան մարզի զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մի շարք ներկայացուցիչներ: Միջոցառմանն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Աղոթք բարձրացնելով առ Աստված, սրբազան հայրը, վերհիշելով Վարդանաց ճակատամարտից մինչ օրս մղած ճակատամարտերը, նշեց, որ հաղթանակները ձեռք են բերվել հայրենասիրության ու սուրբ հավատքի հիմքերի վրա: Հանդիսավոր ցերեկույթն ավարտվեց համերգային ծրագրով: Մշակույթի տան սաների ուշադրության առարկան այսօր հայ զինվորն էր ու նրա քաջարի գործը: