Հասարակություն

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ ՀԵՏ Է ՀԱՄԸՆԿԵԼ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

9 մայիս, 2013

  • Нравится

Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության: Հիսուս Քրիստոսը հարությունից հետո 40 օր շարունակ երևաց աշակերտներին՝ նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ: Պատմությունից մեզ արդեն հայտնի է, որ Հիսուսի երկու աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը եկան Հայաստան և Տիրոջ ճշմարիտ լույսը տարածեցին: Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծո և մարդու հարաբերությունների խզում, քանի որ, ինչպես ինքն է ասել. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ»: Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար: Այս տարի Համբարձման տոնը համընկավ մայիսյան հաղթանակների հետ: Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև վիճակ կամ ջանգյուլում անուններով: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Այնուհետև սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանը մայիսի 9-ին Համբարձման տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել: