Հասարակություն

ԿՈԼԵԿՏԻՎԻ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ 2 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

16 դեկտեմբեր, 2013

  • Нравится

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953թ. ծնված Անիկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, 1969թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Հիվանդների վկայությամբ իրենք հիվանդանոց են տեղափոխվել Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում ընդհանուր ժողովում տեղի ունեցած անհամաձայնության, վեճի, այնուհետև՝ ծեծկռտուքի պատճառով: Անհամաձայնության առիթ է դարձել տնօրենի կողմից ներկայացված հաստիքների վերադասավորումը: Անիկ Միքայելյանը պնդում է, որ իրեն սկզբում հարվածներ է հասցրել թանգարանի Վարդիկ անունով աշխատակցուհին, այնուհետև՝ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Սիրանուշ Զադոյանը տեսել է, թե ինչպես է Վարդիկը գոռում Անիկ Զադոյանի վրա: Զադոյանն ինքն էլ փոքրիկ առճակատում է ունեցել Վարդիկի հետ: Ասում է, երբ լսել է աշխատատեղերի վերադասավորման մասին, փորձել է տնօրենի հետ զրուցել, Վարդիկն էլ տնօրենի սենյակ մտնել նրան չի թողել: Արդյունքում լեզվակռիվ է տեղի ունեցել: Զադոյանը հիվանդանոցում «սրտի շրջանում սուր ցավեր» ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում: Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը պարզաբանում է. «Ծեծկռտուք չի եղել, դրանք սուտ լուրեր են և զրպարտություն: Ինչ վերաբերում է Անիկ Մ-ի և Սիրանուշ Զ-ի հետ կապված միջադեպին, ապա եղել է քննարկում և անհամաձայնություն»,- ասում է Արիստակեսյանը: Նա հերքում է նաև միջադեպին Վարդիկի մասնակցությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: