Մշակույթ/Սպորտ

ԿԻՆՈԱՇՈՒՆ 2012-Ի ՄԵԿՆԱՐԿՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

29 սեպտեմբեր, 2012

  • Нравится

«Կինոաշուն – 2012» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի մեկնարկվեց Արմավիր քաղաքում: Ազգային կինոտոնն այս անգամ նվիրված է հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ծրագրի մեկնարկը կայացավ սեպտեմբերի 28-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը: Այս ժամանակահատվածում Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի համայնքներում, արվեստի բուհերում, սահմանամերձ բնակավայրերում և զորամասերում կանցկացնի հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմերի ցուցադրումներ: Մարզերում և մայրաքաղաքում Կինոաշնան շրջանակներում կանցկացվեն հանրահայտ կինոռեժիսորների հոբելյանական երեկոներ: Կինոաշունը հիմնադրվել է 2010թվ-ին կինոկենտրոնի նախաձեռնությամբ: Նախորդ տարվանից սկսած ազգային կինոտոնը մեկնարկվում է մարզերից և եզրափակվում Երևանում: Արմավիրի մարզը համարվում է պատմամշակութային տարածք և պատմության մեջ մշակույթ տարածող կինեմատոգրաֆն այս անգամ իր տեղը գտավ Արմավիր քաղաքում: Արմավիրում Կինոաշուն-2012-ի պատվավոր հյուրերն էին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, դերասան Միքայել Պողոսյանը, կինոռեժիսոր Արմեն Ռոնովը: Կինոաշնան մեկնարկին հաջորդեց 2 վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում՝ նվիրված Սարդարապատի հուշահամալիրին և Մեծամոր քաղաքում կառուցված ատոմակայանին: Այնուհետև ցուցադրվեց հայ մեծ վարպետ Համո Բեկնազարյանի ստեղծած առաջին հայկական հնչյունային «Պեպո» ֆիլմը: Կինոաշունն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ազգային կինոտոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Իսկ մինչ այդ Արմավիրում և հանրապետության բոլոր մարզերում հետաքրքրված հանդիսատեսը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հայկական կինոյին՝ հաղորդակցվելով հին ու նոր հայկական հրաշալի շարժապատկերների հետ: