Տնտեսություն

ԿԱՐԿՈՒՏ, ՀԵՏՈ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

19 մարտ, 2013

  • Нравится

Նախօրեին Արմավիրի մարզի մի քանի համայնքներում և Արմավիր քաղաքում տեղացած կարկուտին հաջորդեց ցրտահարությունը: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը Արարատյան դաշտում մինչև 4 աստիճան ցուրտ գրանցվեց: Ըստ գյուղացիների ցրտահարվել են ծիրանի, սալորի ու մասամբ դեղձենու այգիները, այսինքն այն պտուղները, որոնք ավելի շուտ են բողբոջում: Լենուղու բնակիչ Նվեր Հակոբյանը դեղձենու համար մի քիչ վաղ է համարում կանխատեսումներ անելը, բայց վստահ է՝ ծիրանը ցրտահարվել է: Այգում արդեն պտտվել ու ծիրանի մի քանի բողբոջ է բացել, ասում է սևացած էր, ինչն էլ նշանակում է ցրտահարված է: Իսկ գյուղատնտեսներն ասում են, որ եթե նույնիսկ ցրտահարություն տեղի ունեցած լինի, ապա հետևանքը եղանակները տաքանալուց և ծառերը ծաղկելուց հետո միայն նկատելի կլինի, իսկ առայժմ կանխատեսումներ անելն անհնար կլինի: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ վստահեցնում է, որ 3 աստիճան ցուրտ է գրանցվել, որն այգիներին էական վնաս չի հասցրել: Ըստ նրա, առայժմ ուսումնասիրություն կատարելն անիմաստ է, քանի որ, եթե նույնիսկ ցուրտը որոշ չափով վնաս հասցրած լինի պտղատու կամ խաղողի այգիներին, ապա դրա ճշգրիտ պատկերը պարզ կլինի առնվազն 20 օր անց: