Պատահարներ

Կարկուտը հողին է հավասարեցրել Շենիկի ցանքատարածությունները

24 օգոստոս, 2015

  • Нравится

Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները: Կարկուտի ու քամու հետևանքով բերքի կորստից զատ, Խաչատրյանի սալորենիներն են արմատախիլ եղել:
Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով, մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը:
Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել:
Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա: Գյուղապետ Կորյուն Մինասյանի խոսքով, կարկուտից ամբողջովին վնասվել է մոտ 700 հեկտարը:
Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի խոսքով վնասվել են ոչ միայն ցանքատարածություններն ու այգիները, այլ նաև բնակելի տներ, տանիքներ:
Շենիկում տեղակայված է 6 հակակարկտային կայան: Կարկուտից առաջ կայանները գործել են, ասում են գյուղացիները, գյուղապետը ևս հաստատում է, որ կայանները կարկուտից մեկ ժամ առաջ սկսել են աշխատել, սակայն Մինասյանի կարծիքով, գյուղում ևս 6 կայան է անհրաժեշտ, որպեսզի մեղմվի կարկուտի վտանգը:
Շենիկում էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը , ով ծանոթացավ իրավիճակին, հանձնարարեց կազմել հանձնաժողովներ վնասի չափերը ճշտելու համար: Ըստ մարզպետի, ամբողջությամբ վնասվել է ձմերուկի ցանքատարածությունները, իսկ խաղողի և պտղատու այգիների դեպքում վնասի չափը կպարզվի ուսումնասիրությունից հետո: Մինչև հանձնաժողովը կպարզի վնասի չափը, այգեգործները վստահեցնում են՝ խաղողի բերքն ամբողջությամբ վնասվել է:
Գյուղացիական տնտեսությունների մոտ 80 տոկոսը վարկառուներ են, ովքեր գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով մինչև 25 մլն դրամ վարկ են ստացել: Ինչպիսին է լինելու վարկերի սպասարկման ճակատագիրը, գյուղացիները չգիտեն, նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը վարկերը երկարաձգելու կամ սառեցնելու ուղղությամբ: Կարկուտից մասամբ տուժել են նաև Բաղրամյանի տարածաշրջանի Բագարան, Կողբավան, Բաղրամյան և Դալարիկ համայնքները: