Հասարակություն

Կանանց տոնին ընդառաջ. Լինել բարի մարդ, հոգատար մայր ու սիրելի ծնող՝ դա ամենամեծ հարստությունն է կյանքում

7 մարտ, 2016

  • Нравится

Դուք բոլորդ իմ հոգու մեջ,
Ձեզանով եմ ես ապրում,
Ձեզանով եմ հպարտանում,
Ձեզանով եմ ես շնչում…
Սա մի հատված է «Իմ զավակներին և թոռնիկներին» խորագրով բանաստեղծությունից, որը գրել է 77-ամյա Մելանյա Գասպարյանը: Նմանատիպ բանաստեղծություններ, քառատողեր ու պատմություններ տիկին Մելանյան շատ է գրել: Հիմնականում ստեղծագործել է, երբ ամառանոց է գնացել, ասում է, երբ մենակ ես, մտքերդ հավաքելն ավելի հեշտ է, սրտիդ խոսքը գրի առնելու համար պետք է վայրն ու մթնոլորտը տրամադրող լինի, այն ինչ զգում ես թղթին հանձնելն ավելի հեշտ է, քան արտահայտվելը կամ բարձրաձայնելը, հետևաբար լուռ ու խաղաղ պայմաններում, ընտանիքից մի փոքր հեռու ավելի հարմար է գրել, իսկ այսօր՝ հպարտությամբ ընթերցել: Գրվածքներում գերիշխող տեղը թոռնիկներինն է, այստեղ արտահայտվում են Մելանյա տատիկի այն զգացմունքները սիրելի թոռների ու անգամ ծոռների նկատմամբ, որոնք արտաբերելն ամեն անգամ չէ, որ հարմար է: Բանաստեղծություններում սեր, զգացմունք, խորհուրդ ու խրատներ են արտացոլվում: Այս կերպ տիկին Մելանյան ընտանիքի համախմբվածությունը, ամրությունն ու միասնականությունն է արտահայտում, իսկ որոշ դեպքերում այս արժեքների պահպանման կոչն է անում: 77-ամյա տիկինն իր կյանքի ընթացքում բազում հաջողություններ ու դժվարություններ է ունեցել, 3 երեխա ունի, 7 թոռնիկ ու 7 ծոռնիկ ունի, հպարտ է ու երջանիկ կյանքը գունազարդող ու ավելի պատկերավոր դարձնող իր թոռ ու ծոռից: Տիկին Մելանյայի հետ զրուցելու առիթը պարզ է, կանանց տոնին ընդառաջ ավելի քան իդեալական կնոջ կերպար ունեցող, զուսպ ու համեստ այս կինը տանը, շրջապատում և հարազատների միջավայրում միայն ազնվություն, հոգատարություն ու հանդուրժողականություն է քարոզում: Ասում է, ոչ միայն մարտի 8-ին, այլև ողջ տարին կինը մեծարման է արժանի, կնոջ դերը ընտանիքում մեծ է, կինը խաղաղություն, ջերմություն ու ամրություն սերմանողն է ընտանիքում: Մասնագիտությամբ խոհարար տիկին Մելանյան իր համար կամ իր տարիքին հարմար մի նոր զբաղմունք է գտել, վերսկսել է ասեղնագործությունը, հիշում է, 15 տարեկան էր, երբ առաջին անգամ սկսեց ասեղնագործել: Պատմում է, որ այդ շնորհքը մորից է ժառանգել, հետո զբաղվածության պատճառով դադար է տվել, հիմա, երբ ազատ ժամանակը շատ է, նորից թելն ու ասեղը ձեռքն է առել, հաճելի ու սիրված գործն է վերսկսել: Ասեղնագործելու ժամանակ, ասում է, ցրվում է, լիցքաթափվում, իսկ հետո իր ձեռքի շնորհքով հարազատներին ու մտերիմներին հաճելի անակնկալ է մատուցում, դրանից և ինքն է իրեն գնահատված զգում և դիմացինն է ուշադրության կենտրոնում մնում: 500-ից ավելի ձեռքի աշխատանք տիկին Մելանյան նվերներ է արել: Մելանյա Գասպարյանը վստահ է՝ կինը պետք է բազմաշնորհ լինի թե՛ տանը, թե՛ խոհանոցում, և թե՛ աշխատանքի վայրում: Իր հիմնական մասնագիտությամբ՝ խոհարարությամբ, զբաղվել է երիտասարդ տարիներին, աշխատել է Մեծամորի հիվանդանոցում, հետո գիշերօթիկ դպրոցում և այլուր: Կանանց տոնի ամենահիշարժան օրը համարում է 60-ականներին, երբ առաջին անգամ աշխատանքի էր անցել ու տոնական այդ օրը աշխատավարձին, որպես մարտի 8-ի նվեր, գումար էր ավելացել: Առավել էմոցիոնալ ու երախտագիտական է համարում մարտի 8-ի այն տոները, որոնք իր երեխաների կողմից են կազմակերպվել: Մորը գնահատելու, մեծարելու և օրը գեղեցիկ դարձնելու երեխաների ջանքերն իզուր չեն անցել, տիկին Մելանյային հուզել ու երջանկացնել հաջողվել է: Լավագույն նվերը նրա համար ծաղիկներն են, ասում է ծաղիկների մեջ գեղեցկությունն ու գույները ամեն ինչ ասում են, դրանք պարզություն, ջերմություն և ուրախություն են պարգևում ցանկացած ժամանակ: Մինչև երեխաները մտածում են ինչպես անմոռանալի դարձնել այս տարի իրենց սիրելի մայրիկի տոնը, տիկին Մելանյան մտածում է նորից գործի դնել իր հիմնական մասնագիտությունն ու տոնական այդ օրը հարսներին ու երեխաներին, թոռներին ու ծոռներին իր ձեռքով պատրաստած համեղ ուտեստներ մատուցել: Ասում է, դա էլ իր նվերը կլինի իր սիրելիներին: Տիկին Մելանյան դեռ չի որոշել ինչ է պատրաստելու, կամ էլ որոշել է, բայց անակնկալ պետք է մատուցի, դրա համար էլ տատանվում է բարձրաձայնել, թե ինչ է պատրաստելու: Մինչև Մելանյայի ծոռները հանգիստ չեն տալիս տատիկին, սիրում են, խաղում ու հաճոյանում, տիկին Մելանյան բոլոր մայրերին ու աղջիկներին առողջություն է մաղթում, ցանկանում է, որ հայ մայրերը շատ զինվորներ ծնեն հայրենիքի համար, որ իրենց զավակների հետ երջանիկ լինեն ու հաջողություններով շրջապատված: Մելանիայի դուստրը՝ Ռիփսիմե Գասպարյանն էլ իր մայրիկին է շնորհավորում, ցանկանում է, որ բոլոր մայրերն իր մայրիկի պես լինեն կամեցող, բարի, լավատես ու ձգտող: Ինքն անձամբ փորձում է մորից լավատեսությունն ընդօրինակել: