Տնտեսություն

Խաղողի մեկ կիլոգրամը «Արարատ» կոնյակի գործարանն այս տարի կմթերի 130 դրամից ոչ պակաս, մյուսները խոստացել են մթերել 110-ից ոչ պակաս

19 սեպտեմբեր, 2016

  • Нравится

Հոկտեմբերի 15-ին Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը: Ենթադրվում էր, ինչպես նախորդ տարիներին, խաղողով բեռնված առաջին բեռնատարը հանդիսավոր կերպով կբարձրանա կշեռքին և հավաքվածների ծափահարությունների ուղեկցությամբ կտրվի խաղողի մթերման մեկնարկը, սակայն այս տարի խաղողի մթերման առաջին օրը ոչնչով չառանձնացվեց: Պաշտոնյաներից ներկա էր միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախորդ տարիներին հյուրերի կազմն ավելի մեծ էր լինում, մթերման առաջին օրը գյուղնախարարի ու վարչապետի այցը գրեթե պարտադիր պայման էր դիտվում: Ներկա չէր նույնիսկ կոնյակի գործարանի տնօրենը:
Հավանաբար խաղողի մթերման այս տարվա անշուք լինելը մի քանի պատճառ ուներ: Ամենագլխավորը կապված էր մթերման գների նվազեցման հետ: Այս տարի վերջին 5 տարում ամենացածր գին է սահմանվել՝ մեկ կիլոգրամի դիմաց 130 դրամ:
Գյուղնախարարը զերծ մնաց միջոցառմանը մասնակցելուց, քանի որ պետք է պատասխաներ իր համար ամենատհաճ հարցին, թե ինչո՞ւ գյուղացին մինչ օրս չի ստացել նախորդ տարում մթերված խաղողի գումարները: Եվ դա այն դեպքում, երբ ինքն անձամբ երաշխավորում էր, որ մինչև ապրիլ գյուղացին իր հանձնած խաղողի դիմաց գումարները կստանա:
Մյուս պատճառը՝ կրճատվել են խաղողի մթերման ծավալները: Գործարանի հետ պայմանագիր չունեցող խաղողագործներն ինքնուրույն պետք է լուծեն բերքի իրացման հետ կապված խնդիրները, իսկ պայմանագիր ունեցողների պայմանագրերը չեն երկարաձգվելու, ավելին՝ որոշ դեպքերում քանակություն է կրճատվում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ նշեց, որ կոնյակի գործարանը 130 դրամից պակաս չի մթերելու: Մյուս մթերող կազմակերպությունները, որոնց հետ դեռ բանակցություններ է ընթանում և, ըստ մարզպետի, սեպտեմբերի 17-ից հետո հավանաբար կսկսեն մթերումները , կմթերեն 110 դրամից ոչ պակաս: Մարզպետի խոսքով, հնարավոր ամեն ինչ կարվի արտադրված խաղողն ամբողջությամբ մթերելու համար, չնայած որ այս տարի խաղողի բերքը մոտ 30 տոկոսով պակաս կլինի նախորդ տարվա համեմատ: Նախնական հաշվարկներով սպասվում է 100-105 հզր տոննա խաղողի բերք: Պատճառը գարնան ցրտահարություններն ու ամռանը տեղացած կարկուտն է:
Գյուղացու բախտից սկսվեցին անձրևները: Յուրաքանչյուր օր բերքի կորուստ է տեղի ունենում, իսկ ճամպրուկային տրամադրությամբ կառավարությանը դժվար թե հետաքրքրի նման մանր-մունր հարցերը: