Տնտեսություն

ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԸ ՊԱԿԱՍԵԼ Է, ԳԻՆՆ՝ ԷԺԱՆԱՑԵԼ

25 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Արարատյան դաշտավայրում խաղողի բերքահավաքի եռուն շրջանն է սկսվել: Անձրևոտ եղանակային պայմանները հուշում են գյուղացուն, որ պետք է շտապել, այլապես կորուստներից խուսափել անհնար կլինի:
Ենթադրվում էր, որ Հայաստանի գնաճի պայմանները և հատկապես Արմավիրի մարզի կարկտահարութունը զգալի փոփոխություն կմտցնեին մթերման գների մեջ, սակայն խաղողագործների սպասելիքները չարդարացան:
Խաղողի տեխնիկական սորտեր մթերող կազմակերպություններն անցած տարի խաղողի մեկ կիլոգրամը մթերում էին 135 և 140 դրամով: Այդ գներն այս տարի ավելացան ընդամենը 5 դրամով, 135-ը դարձավ 140 դրամ, իսկ 140-ը՝ 145 դրամ: Այսինքն, տեխնիկական սորտի խաղողի մթերման գներն ավելացան 3,6-3,7 տոկոսով:
Եթե տեխնիկական սորտի խաղողի պարագայում խաղողագործ-մթերող հարաբերություններում ինչ-որ չափով հստակեցված դրույթներ կան, ապա նույնը չի կարելի ասել խաղողի սեղանի սորտերի մասին:
Խաղողի սեղանի սորտերի մի մասը մթերվում է արտահանող ընկերութունների կողմից, մնացած մասը՝ անհատ անձանց կողմից, ովքեր կամ վերավաճառում են ներքին շուկայում կամ արտահանում: Գյուղացին օրվա հացի խնդիր լուծելու համար տեղական շուկայում չնչին քանակությամբ վաճառելով սպասում է, թե ե՞րբ մթերողն իր դուռը կթակի:
Գին թելադրողը մթերողն է: Մթերողը լավ գիտի գյուղացու վիճակը և հստակ տիրապետում է խաղողի մթերման գների վրա ազդելու արվեստին: Նրանք կարող են միառժամանակ գյուղերում չերևալ, որպեսզի գյուղացուն հասցնեն հուսահատության աստիճանի, որից հետո հուսահատ խաղողագործին թելադրեն իրենց ուզած գինը: Մթերողը նաև լավ գիտի, որ վազի վրա հասած խաղողը նեխելուց պահպանելը շատ թանկ է նստում գյուղացու վրա. որքան երկար խաղողը մնաց վազի վրա, այնքան ավելանում է խաղողի բուժման քանակը:
Սեղանի սորտի խաղողի իրացման անորոշ վիճակն է պատճառը, որ այս տարի գյուղատնտեսական բոլոր մթերքների գների զգալի բարձրացման ֆոնի վրա սեղանի սորտի խաղողի մթերման գները մնացին անցած տարվա մակարդակին: Ինչպես, օրինակ, խաղողի քիշմիշ տեսակը ( որը հիմնականում արտահանվում է) նախորդ տարի մեկ կգ-ը վերավաճառողը կամ արտահանողը գնում էր 450-700 դրամ, այս տարի՝ նույնպես: Այսինքն, գնային փոփոխություն չի կատարվել, ավելին՝ խաղողի, ինչպես գյուղացիներն են անվանում, իծան պտուկ տեսակն այս տարի 50 դրամով ավելի էժան են վաճառում տեղական շուկայում, նախորդ տարվա 250-ի փոխարեն, ասում են 200 դրամով հազիվ է սպառվում: