ՏԻՄ բարեփոխումներ

Լոռու մարզի 107 համայնքներից միայն 11-ն են բնակչության թվով գերազանցում 3000-ի սանդղակը

10 նոյեմբեր, 2017

  • Нравится

2017 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտած ՏԻ մասին նոր օրենքը թափանցիկության կոչ է համայնքների ղեկավարներին եւ իրենց նկատմամբ վստահության մեծացման հնարավորություն: Հարց է, թե որ համայնքապետն ինչ հմտությամբ է իր պարտականություններն օգտագործում ի շահ, եւ ով է վրդովմունքի ու անվստահության նոր ալիք տարածում հանրության շրջանում:
Մի՛ փակվեք, մի՛ կտրվեք հասարակությունից, ասում է օրենքն ու թվարկում այն հոդվածները, որոնք ապահովելու են համայնքի բնակիչների լիարժեք մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Հայաստանում կապիտալ բյուջեն սկսում է ձեւավորվել 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայքներում: Ստացվում է, որ ՏԻ համակարգի սուբյեկտների գերակշիռ մասն ինքնուրույն որեւէ լիազորություն իրականացնել չի կարող: ՏԻ մասին նոր օրենքով մի քանի տարր էլ ավելացել է համայնքի բնակչության մասնակցային վարքը բարձրացնելու, նրանց խրախուսելու համար: Համայնքի ղեկավարը պարտավորվում է ամիսն առնվազն մեկ անգամ կազմակերպել ավագանիների ու համայնքի բնակիչների հանդիպում: Ավագանիներն էլ պետք է կազմակերպեն բնակիչների ընդունելություն:
Սահմանումներից մեկը հստակեցնում է. 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը:
Լոռու մարզի 107 համայնքներից միայն 11-ն են բնակչության թվով գերազանցում 3000-ի սանդղակը: Դրանցից երեքի կայքերի անվանումը համացանցում գտանք, սակայն մուտք գործել չհաջողվեց: Մյուսները գործում են, սակայն շատ են թերացումներն ու անճշտությունները:
Գյուղական համայնքներում ՏԻՄ ներկայացուցիչները իրենց պասսիվությանը հարմար պատճառ են գտել, գյուղ տեղ է, խոտհունձ, հավուճիվ, բոլորը միմյանց ճանաչում են, գաղտնիքներ չեն կարող լինել, քաղաքներում էլ մեղավորը բնակիչների անտարբերությունն է: Արդյունքում ընդունելի ու սովորական է դառնում նման գործելակերպը, եւ խախտվում է ՏԻ օրենսդրությունը:
Ինչ անել, որպեսզի հանրային շահը չերկրորդվի` ի հաշիվ հանրության ու համայնքի միջոցների, ինչպես նաեւ չխեղաթյուրվի ավագանու ներկայացուցչական դերակատարության իմաստն ու բովանդակությունը:
Ամառ թե ձմեռ, գյուղում բոլորն էլ շտապում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, այնպես որ, չգրված օրենքներով, համայնքապետարանի աշխատակիցների բացակայությունը դառնում է հարգելի:
Թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքի անտեսում կամ թափանցիկության ու հրապարակայնության ապահովման իմիտացիա:
Համայնքի բնակիչները չեն ներգրավվում որոշումների ընդունման գործընթացում: Նրանց շահերը ներկայացնող ավագանին, որպես կանոն, չի գործում իբրեւ համայնքի ղեկավարի հակակշիռ: Չունենալով հակակշիռ, դիմադրող ու մրցակից` ՏԻՄ ղեկավարները սկսում են չափազանց ազատ գործել` ըստ էության միանձնյա տնօրինելով համայնքի միջոցները: Մինչդեռ համայնքի բնակիչները կարող են եւ դեմ լինել այն ծրագրերի ու գնումների իրականացմանը, որոնք ոչ մի կերպ չեն բարելավում իրենց կենսակերպը:
Ժողովրդավարի կեծվածք ընդունող համայնքապետերը պետք է հանրության հետ քննարկեն բյուջեի նախագիծն ու առաջնային այլ հարցերը, եւ ոչ թե նստեն սպասեն, թե ով է իր առաջարկությամբ թակելու իրենց աշխատասենյակի դուռը:

Համայնքային բյուջեներում չեն նախատեսվում միջոցներ այնպիսի միջոցառումների համար, որոնք կապահովեն ՏԻՄ գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելը: Լավագույն դեպքում նախատեսված միջոցներն օգտագործվում են տարաբնույթ հայտարարությունների կամ լրատվական անդրադարձերի համար, սակայն ոչ երբեք ավագանու նիստերի օրվա եւ ժամի մասին իրազեկում ապահովելու կամ հաշվետու ելույթների, հարցազրույցների, ուղիղ եթերով բնակիչների հետ հաղորդակցվելու կամ բյուջետային թեմաներով հանրամատչելի հրապարակումների համար: Նման նախաձեռնություններ իրականացնում են միայն ՀԿ-ները` փոխհամաձայնեցված տարբերակով, օգնելով համայնքների ղեկավարներին ժողովրդավարի կեցվածք ընդունել: Օրինակ Վանաձորում մի ժամանակ ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունն ապահովում էր ավագանու նիստերի հեռարձակումը քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված հեռուստացույցին եւ առցանց տարբերակով: Պայման էր դրված հետագայում նույն գործողությունն ինքնուրույն իրականացնելու:

Այդպիսի նախաձեռնությունները վատ չեն, սակայն չեն ունենում հստակ պարբերականություն, չի ձեւավորվում հաշվետու լինելու ավանդույթը, հանրության համար շարունակում են անհասկանալի մնալ տեղական ինքնակառավարման էությունը, ՏԻՄ-երի իրավասությունները, լիազորություններն ու պատասխանատվության չափը: Արդյունքում, համայնքների բնակիչները գոհանում են ՏԻՄ-երի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների կատարումով` չսպասելով նորարարական մոտեցումների:
ՏԻՄ-երը որդեգրել են հաղթական կեծվածք, մենք վերանորոգում ենք, կառուցում, ասֆալտապատում, մաքրում, իսկ ձեր սոցիալական խնդիրների մասին մտահոգությունը մեր ուղղակի պարտավորությունը չէ: Համայնքի բնակիչների հիմնական մասն անգամ չգիտի, որ իրենց առաջարկությամբ ու մասնակցությամբ տեղական իշխանություններն ի վիճակի են զարգացնել համայնքը միանգամայն նորարարական, համարձակ նախաձեռնություններով: