Տնտեսություն

Լոլիկի դաշտերը դատապարտված են

5 հուլիս, 2014

  • Нравится

Ժողովուրդն ասում է անտերի տերն Աստված է: Սակայն Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի գյուղացիական տնտեսությունների վրա ասացվածքը չի տարածվում: Գարնանը ցրտահարություն, հիմա էլ մարդկությանն անհայտ երևույթ, որին չգիտես ինչ անվանես՝ հիվանդությո՞ւն, թե՞ մուտացիա:
Սարդարապատցիները ցրտահարությունից հետո փորձեցին բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ ընտանիքի գոյությունը պաշտպանել, բայց արի ու տես վիճակներն ավելի ծանրացավ հատկապես լոլիկի և սմբուկի մշակությամբ զբաղվողների մոտ: Ներդրումներ կատարեցին, վարեցին, սածիլեցին, քախհանեցին, պարարտացրին, ջրեցին և մեկ շաբաթից պետք է բերքահավաք կազմակերպեին: Բոլորի համար անակնկալ բույսերի ցողունին կից սկսեցին աճել անհայտ ծագումով բույսեր: Գյուղացիները սկզբում կարծեցին մոլախոտի նոր տեսակ կլինի և սկսեցին հեռացնել, սակայն, քախհանին զուգահեռ, անհայտ բույսն ավելի ինտենսիվ սկսեց տարածվել և մշակաբույսը սկսեց խեղճանալով չորանալ:
Սարդարապատցիները փորձեցին բուժանյութերով ազատվել չարիքից, սակայն ապարդյուն: Դրանից հետո համապատասխան մասնագետներ հրավիրեց գյուղատնտեսության նախարարությունից: Մասնագետները եկան, տեսան, զարմացան և եզրակացության հանգեցին, որ սա անբուժելի հիվանդություն է, ինչպես մարդկանց մոտ ռակը:
Բանն այն է, որ անհայտ բույսը ծնվում է լոլիկի արմատից և, խլելով հողից ստացվող սննդարար նյութերը, բույսին դատապարտում է մահվան: Գյուղացիները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են ազատվել մուտանտից, չի ստացվել և այսօր կանգնել են փաստի առաջ:
Գյուղացիների կարծիքով, երևույթի պատճառը ներկրված սերմերն են, որոնց միջոցով վարակը ներթափանցել է Հայաստան: