Պատահարներ

Լեռնագոգը ողողվել էր սելավաջրով

22 մայիս, 2018

  • Нравится

Լեռնագոգում փլուզվել են անասնագոմեր, պարիսպներ, ջրախեղդ են եղել ընտանի կենդանիներ ու թռչուններ: Վերջին օրերին գյուղի կողքով անցնող սելավատարն աշխատել է գերբեռնված, իսկ երեկ երեկոյան սելավատարը տեղի տվեց՝ ջուրը պատռելով պատնեշը ողողեց համայնքի փողոցներն ու տները:
Սելավաջրերից տուժել են հիմնականում Լեռնագոգի Էլեվատոր թաղամասի բնակիչները: Նրանց այգիները մնացել են ջրի տակ, իսկ շինությունները՝ մասամբ փլուզվել:
Անասնաբույժ Արմինե Խաչատրյանը վերջերս էր մայրաքաղաքից Լեռնագոգ տեղափոխվել, նպատակ ուներ թռչնաբուծությամբ զբաղվել: Նրա խոսքով, մեծ դժվարությամբ Եկատերինբուրգից 1600 հատ «Լոման Բրաուն» հատուկ ցեղատեսակի ձվատու ճուտ էր ներկրել, հիմա դրանց 1/3-ը չի մնացել:
Լեռնագոգի գյուղապետ Սարգիս Մարգարյանն ասում է սելավատարը վարարել է Ներքին Թալինում տեղացած հորդառատ անձրևների պատճառով: Սելավատարն ի վիճակի չի եղել սպասարկել այդ քանակությամբ ջրի հոսքը: Սելավատարի պատնեշը փլուզվել է նախ գյուղի սկզբնամասում, որից տուժել են բազմաբնակարան շենքերը, այնուհետև՝ կենտրոնական հատվածում, որից տուժել են գյուղի ցածրադիր 3 փողոցների բնակիչները:
Գյուղապետից տեղեկացանք, որ կազմվել է համապատասխան հանձնաժողով աղետի հասցրած վնասները ճշտելու համար: Այս պահի դրությամբ գյուղապետարան են դիմել 52 քաղաքացի, որոնց տնամերձ հողամասերն են ջրասույզ եղել և 43 քաղաքացի, ովքեր գույքային վնասներ են կրել: Սարգիս Մարգարյանի խոսքով, վնասի վերջնական չափը պարզ կլինի 3 օրվա ընթացքում: