Տնտեսություն

Իրացման խնդիր չի լինի, իսկ ոռոգման ջրի խնդիրը լուծման փուլում է

21 հունիս, 2014

  • Нравится

Ցրտահարությունից հետո գյուղացիական տնտեսությունների կատարած աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը սկսել է շրջայց կատարել մարզի տարբեր համայնքներում: Մարզպետը զրուցեց Արևիկի և Եղեգնուտի հողօգտագործողների հետ, ծանոթացավ գյուղատնտեսական այս շրջանում ընթացող աշխատանքներին և առկա խնդիրներին: Գյուղացիներին հիմնականում հետաքրքրում էր բերքի իրացման հարցը:
Նշենք, որ պտղի կորստից հետո բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները մարզում 2000 հեկտարով ավելացել են: Արտադրողը մտավախություն ունի, որ ներքին շուկայում բանջարաբոստանային կուլտուրաների լճացում կլինի: Եղեգնուտի գյուղապետն էլ անհանգստանում է, որ վերամշակող կազմակերպությունները այդ քանակությամբ բերքը մթերել չեն հասցնի:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է՝ ոչ մի կիլոգրամ բերք չի փչանա, մթերող կազմակերպությունների հետ արդեն համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել, վրացի արտահանողներն էլ արդեն կարտոֆիլի արտահանումն են սկսել: Ըստ մարզպետի, միայն Նոյան հյութերի գործարանը պատրաստ է մթերել 25 հազար տոննա լոլիկ, իսկ մարզում այդ քանակությունը հազիվ թե արտադրվի: Բացի դա, ևս 4 գործարան պատրաստ է մթերել լոլիկը: Բանջարաբոստանային մյուս կուլտուրաների իրացման համար ևս խնդիրներ չեն առաջանա: Մարզպետը հույս ունի, որ սեխի ու ձմերուկի որոշակի քանակ նույնպես կարտահանվի Վրաստան:
Ինչ վերաբերվում է գյուղացիների մյուս մտավախությանը՝ ոռոգման ջրի խնդրին, ապա մարզպետը վստահեցնում է, որ մարզում հաշվառվել և կառավարություն է ներկայացվել 115 չօգտագործվող խորքային հորերի շահագործման հանձնելու նախագիծը: Մարզպետը վստահ է, որ այդ խորքային հորերի շահագործման դեպքում մարզում ոռոգման ջրի խնդիր չի առաջանա: