Արևադաշտ Համայնքներ

Ինչո՞ւ դադարեցվեց Արևադաշտի դպրոցի շինարարությունը, ինչո՞ւ է լուծարվում կապալառուի հետ կնքած պայմանագիրը,- պարզաբանում է Հայ կրթական հիմնարկության տնօրեն Նշան Փիրումյանը

23 փետրվար, 2016

  • Нравится

Հունվարի 18-ին http://www.alttv.am կայքում հրապարակվել էր Արևադաշտի դպրոցի ոդիսականը վերնագրով տեսանյութ, որտեղ նշել էինք, որ սպասում ենք ՀԿՀ տնօրեն, ԱՄՆ-ում գտնվող Նշան Փիրումյանից էլեկտրոնային նամակի միջոցով պարզաբանումներ ստանալ երևույթների և շինարարության ավարտի ժամկետների վերաբերյալ: Նամակի պատասխանը ստացել ենք, որտեղ Նշան Փիրումյանը պարզաբանում է Արևադաշտի դպրոցի շինարարության ձգձգման, այնուհետև՝ դադարեցման պատճառների մասին:
Նշան Փիրումյանը տեղեկացնում է, որ այժմ ընթանում է «Սպադավմար» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի լուծարման գործընթացը, քանի որ շինարարը չի արդարացրել իրենց ակնկալիքները և թույլ է տվել նախագծի շեղումներ: Դա է եղել պատճառը, որ նախատեսված 2015թ. հոկտեմբերի 9-ի դպրոցի հանդիսավոր բացումը ձախողվել է: Ստուգումների արդյունքում ճարտարագետի կողմից հայտնաբերվել է, որ ծածկի երկաթբետոնե սալիկները չեն տեղադրվել:
Շինարարի խնդրանքով դպրոցի ավարտի ժամկետը երկարաձգվեց, որի ընթացքում նա պարտավորվեց ծածկի այդ հատվածն իրականացնել միաձույլ բետոնով: Շարունակելով խախտել շինարարական և սեյսմոկայունության նորմերը, «Սպադավմար» ՍՊԸ-ն անհասկանալի պատճառներով ծածկը չմիաձուլեց մնացած ծածկի սալիկների հետ: Ավելին, կապալառուն տանիքի աշխատանքների իրականացման ընթացքում չէր հետևել նախագծի պահանջներին: Այս բոլորից հետո շինարարը, լրացուցիչ գումար պահանջելով, խոստանում է դեկտեմբերին ավարտել Արևադաշտի դպրոցի շինարարությունը: Գումարը տրամադրվում է, սակայն «Սպադավմար» ընկերությունը խոստումը դրժում է:
Նկատի ունենալով, որ կապալառուն թերացել է շինարարությունը ժամանակին ավարտել, մի քանի անգամ ավարտման ժամկետներ է տրվել, որը նրա կողմից խախտվել է, աշխատանքները կատարվել էին անորակ և շեղումներով, Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհուրդը որոշեց լուծել պայմանագիրը:
Կապալառուի հետ վերջնահաշվարկ կատարելուց հետո կկազմվի անավարտ շինարարության արձանագրություն, կկազմակերպվի մրցույթ և կընտրվի նոր կապալառու:
Նշան Փիրումյանը վստահեցնում է, որ Արևադաշտի աշակերտները 2016-2017 ուոսմնական տարին նոր դպրոցում կդիմավորեն: