Հասարակություն

ԻՆՉԻՑ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ 3 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ

28 փետրվար, 2013

  • Нравится

Փետրվարի 27-ին առաավոտյան 09:30-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոց էր տեղափոխվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 3 ամսական բնակիչ Մերի Վարդանյանը: Ինչպես տեղեկացանք Վաղարշապատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Բորիս Թանգյանից, երեխան հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում: Մերիի երկվորյակ քրոջը՝ Մարիամին թողել էին տանը, տեղամասի բժշկուհին ասել էր երկվորյակ քույրն արդեն մահացած էր, իսկ Մերիի մոտ ջերմություն էր նկատել և հիվանդանոց տեղափոխել, – ասաց Բորիս Թանգյանը: Երկվորյակների ծնողները կատարվածից շոկի մեջ էին, իսկ երեխաների տատիկը պատմում է, որ երկվորյակները նախօրեին, լուսադեմին ժամը 05:00-ի սահմաններում սնվել էին արհեստական կաթով և երկու ժամ անց Մարիամն արդեն մահացել էր, իսկ Մերիին տեղափոխել են հիվանդանոց: Ազգականները պնդում են, որ երեխաների մահվան պատճառը կարող էր լինել արհեստական կաթը, որը գնել էին Էջմիածին քաղաքի դեղատնից:
Չնայած բժիշկ Բորիս Թանգյանը քիչ հավանական է համարում սննդային թունավորումը, բայց մեկնաբանություն չի անում, սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
Դատաբժշկական փորձաքննությունը կատարվեց այսօր, դիահերձման եղանակով, հարազատների ներկայությամբ: Սակայն նրանց պնդմանը, որ երեխաների ստամոքսի պարունակության նմուշներն իրենց էլ տրամադրեն, մերժվեց, – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց երկվորյակների տատիկը՝ Հրաչուհի Վարդանյանը, և ավելացրեց, որ փորձաքննության արդյունքներն ասել են կհայտնեն ավելի ուշ:
Նշենք, որ Վարդանյանների ընտանիքը վերջերս հուղարկավորեց երեխաների պապիկին: Նրանք գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, նույնիսկ չեն հասցրել ստանալ երկվորյակների ծննդյան միանվագ նպաստը: Օգնության ձեռք առայժմ ոչ ոք չի մեկնել: Տեղական իշխանությունները նույնպես Վարդանյանների ընտանիքին իրենց կարեկցանքը չեն հայտնել, – պատմում է ընտանիքի մտերիմներից մեկը և ակնկալում բոլոր նրանց աջակցությունը, ով կկարողանա դժբախտության այս պահին օգնել Վարդանյանների ընտանիքին:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 109 հոդվածի հատկանիշներով Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: