Տնտեսություն

Թղթի վրա գյուղատնտեսությունը չի զարգանա

30 հունվար, 2017

  • Нравится

Մարզեր այցելության շրջանակներում հունվարի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանի կանգառը Արմավիրում էր: Գործարարների հետ տեղերում հանդիպումից հետո, նախատեսվածի համաձայն, մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավարների, կառույցների ղեկավարների ու ֆերմերների հետ: Նախ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հաշվետվության ձևաչափով ներկայացրեց մարզի ձեռքբերումները և մինչև 2025 թվականը նախատեսվող ծրագրերը: Մարզպետի ելույթից հետո վարչապետը նկատեց, որ Վայոց ձորի մարզը, որը գյուղատնտեսությամբ զիջում է Արմավիրի մարզին, հասարակության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է, և հարցով դիմեց ներկաներին, թե ինչպես անենք, որ Արմավիրցին լավ ապրի:
Կարելի էր ենթադրել, որ գյուղապետերը, հարմար առիթը բաց չթողնելով, կներկայացնեին իրենց խնդիրները և այնքան հարցեր կտային, որ վարչապետը կանիծեր այն պահը, երբ ոտքը դրեց Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճ: Ի զարմանս բոլորի, գյուղապետերը դահլիճում կոչված էին ֆիզիկական ներկայություն ապահովելու համար: Վարչապետը բնագավառի պատասխանատուների ելույթներից հետո հորդորում էր ուսումնասիրել, հաշվարկ կատարել, ծրագիր ներկայացնել, հաճախակի «բիզնեսի կանոններ» ու «բիզնես» բառերն էր օգտագործում: Վերջում պարզվեց, որ մարզի գյուղատնտեսության զարգացման համար մեկ բան է պակասում՝ ոռոգման համակարգի արդիականացումը կամ, որ ավելի հաճախակի էր շեշտվում, կաթիլային ոռոգման եղանակին անցնելը:
Ներկա համայնքի ղեկավարներից ոչ ոք չասաց, որ գյուղատնտեսության թիվ մեկ խնդիրը գյուղմթերքի իրացումն է: Հենց այդ պատճառով է, որ մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 50 տոկոսից ավելին չի մշակվում, գյուղմթերքի արտադրությունը դարձել է տնտեսապես ոչ շահավետ աշխատանք:
Գյուղապետերը նույնիսկ չանդրադարձան նորանշանակ գյուղնախարարի այն հայտարարությանը, որ պետք է այնպես անենք, որ գյուղացին ցածր գնով իր ապրանքը վաճառի արտադրողին, որպեսզի արտադրողը մրցունակ արտադրանք ստանա: Բիզնեսի կանոններից էլ հարցեր չտվեցին, օրինակ՝ ի՞նչպես կարող է զարգանալ գյուղատնտեսությունը, երբ 800-1100 դրամ վաճառվող վարունգի մեկ կիլոգրամանոց մարինատում հումքի արժեքը կազմում է 10-12 դրամ: Կես լիտրանոց կոնյակի մեջ խաղողի արժեքը 300 դրամ չի կազմում: Հենց մթերման ցածր գների պատճառով է, որ եղել են տարիներ, երբ գյուղացին, հաշվարկներ կատարելով, բերքահավաք չի կազմակերպել, իսկ կազմակերպողները՝ բերքը տարել թափել են:
Գյուղապետերից ոչ մեկը հաշվարկով չհամոզեց վարչապետին, որ այս պայմաններում ինչ ծրագիր էլ լինի, գյուղատնտեսությունը չի զարգանա: Օրինակ՝ Արմավիրի մարզում լավագույն դեպքում հեկտարից կարելի է ստանալ 35-40 ցենտներ հացահատիկ, որը շուկայական գներով կազմում է 455-520 հազար դրամ, իսկ ծախսերը (վարելու համար՝ 35-40 հազար դրամ, 300 կգ սերմացու՝ 45 հազար դրամ, ակոսել՝ 20 հազար դրամ, շարքացան՝ 10-15 հազար, ոռոգման ջուր՝ 60 հազար, 300 կգ պարարտանյութ՝ 36 հազար դրամ, կոմբայն՝ 25-30 հազար, տրանսպորտ՝ 10-15 հազար) կազմում են 241-261 հազար դրամ, չհաշված գյուղացու չարչարանքը: Բնական է, վարչապետը զարմանալով կհարցներ՝ բա ինչո՞ւ են ցորեն ցանում, եթե եկամուտ չեն ստանում: Գյուղապետն էլ կպատասխաներ՝ նախ, որ ցորենը միակ մշակաբույսն է, որ իրացման խնդիր չունի և չի փչանում, երկրորդ՝ գյուղացին ցորեն ցանելով գոնե ընտանիքին ցամաք հացով կապահովի:
Եթե կաթը սովորական ջրի գնից կրկնակի էժան է մթերվում (110-130 դրամ մեկ լիտրի համար), ամենալավ բիզնես ծրագրով կովին հնարավոր չի լինի ստիպել իր կաթնատվությունը եռապատկել կամ քառապատկել:
Չնայած, եթե մի խելոք համայնքի ղեկավար, փաստեր ներկայացնելով, հիմնավորեր և հայտարարեր, եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն, որ գյուղացին լավ ապրի և ապահովի երկրի պարենային անվտանգությունը, նախ պետք է արտոնյալ գյուղատնտեսական վարկերի ծրագիր մշակի, վերանայի ոռոգման ջրի սակագինը կամ դարձնի անվճար, նպաստավոր պայմաններ ստեղծի գյուղմթերքի իրացման համար, ստեղծի գյուղտեխնիկայի պարկեր, գիտական հիմնավորումով որոշվի ներկրվող պարարտանյութի տեսակը: Չնայած համայնքի ղեկավարի ասածն ամենալավ ծրագրից էլ արդյունավետ է, այդուհանդերձ, ներկաները զարմացած կնայեին ու մտքում կասեին՝ երևի էս մարդը ցնդվել է: Իսկ պատասխանատուները կասեին, որ նման բան հնարավոր չէ, քանի որ ջուրը ապրանք է, փողը ապրանք է, ծառայությունները վճարովի են: Եվ կստացվի, որ բոլորը ապրանք ունեն, միայն գյուղացու բերքը ապրանք չէ, քանի որ, եթե իրացումը մի 5 օր ուշացրեց, իր ապրանքը վեցերորդ օրը կդառնա աղբ, իսկ այդ մասին քաջ գիտակցում են մթերողները:

Դիտումներ՝ 958