ՏԻՄ բարեփոխումներ

Թարմ նորություններ ու հայտարարություններ չկան

10 նոյեմբեր, 2017

  • Нравится

-Օրենքի այն կետերը, որոնք ուղղված են համայնքի կառավարումը հանրայնացնելուն եւ դրված են համայնքի ղեկավարի վերահսկողության տակ, մեզ մոտ ճշտությամբ կատարվում են,- ասում է Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը:
2017 թվականի հունվարից ուժի մեջ մտած ՏԻՄ մասին նոր օրենքը բաց եւ թափանցիկ կառավարում իրականացնելու համար նոր պահանջներ է ներկայացնում` ելնելով բնակչության թվից:
Շուրջ 5700 բնակիչ ունեցող գյուղը 2008 թվականից ունի պաշտոնական համացանցային կայք, որի գործունեությամբ զբաղվում է աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Սարգսյանը: Աջակցություն են ստանում Լոռու մարզպետարանի ծրագրերի բաժնից ու Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնից:
-Սկզբում դժվար էր կայքը գործարկելը, -խոստովանում են: Ընթացքում, սակայն, հասկացել են, որ այն հեշտացնում է համայնքապետարանի աշխատանքը: Ողջ աշխատակազմի համար նախատեսված միջոցը կարողանում են գործարկել 3 աշխատակիցներ միայն: Բնակիչներից շատերը ո՛չ տեղյակ են կայքից, ո՛չ էլ հետաքրքրված ավագանու նիստերով ու համայնքապետարանի գործունեությամբ:
Կայքը իր պարունակությամբ պետք է լրացնի օրենքի 14 պահանջները: Բոլորի ենթավերնագրերն առկա էին, սակայն եթե ՏԻՄ ընդհանուր գործունեության կամ ավագանու ընդունած որոշումների մասին տեղեկություն կար, քիչ էին կամ ընդհանրապես չկային, օրինակ, համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման մասին հրապարակումները:
Աշոտ Աշուղյանն ասում է, որ համայնքի տարեց բնակիչները քիչ են հետաքրքրվում կայքով ու իրենց գործունեությամբ: Իսկ երիտասարդները գալիս-հետաքրքրվում են:
11 հոգանոց ավագանու նիստերը գումարվում են առավելագույնը 2 ամիսը մեկ պարբերականությամբ: Լինում են արտահերթ քննարկումներ ևս: Օրակարգի հարցերը նախապես քննարկելու համար օրենքով սահմանված հանձնաժողովները չեն ձևավորվել:
-Քաղաքամերձ համայնք է, մարզպետարանը Վանաձորում է, կապը սերտ ենք պահում մարզային իշխանությունների հետ, չեն թողնի թերանանք,-ասում է գյուղապետը: Շենքից դուրս գալիս նայում ենք հայտարարությունների վահանակին: Թարմ նորություններ ու հայտարարություններ չկան: