Հասարակություն Պատահարներ

Էլեկտրահաղորդագծերի հրդեհավտանգավորությունը վթարային ռեժիմների ժամանակ

27 մայիս, 2016

  • Нравится

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներից մեկը էլեկտրասարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումն է: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր չկա հրդեհների առաջացման առավել վտանգավոր տեխնիկական պատճառ, քան էլեկտրասարքավորումների վթարային ռեժիմները և, մասնավորապես, կարճ միացումը, էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը, անցումային դիմադրությունները, փոփոխական լարվածությունների և կայծերի առաջացումը: Էլեկտրասարքավորումներից առավել հրդեհավտանգ են էլեկտրահաղորդագծերը և զանազան էլեկտրական սարքերը:
Վիճակագրական տվյալների համաձայն հրդեհների առաջացման էլեկտրատեխնիկական պատճառներից կարճ միացումը (միակցումը) վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը (շուրջ 68%): Կարճ միացումն այն երևույթն է, երբ լարման տակ գտնվող տարանուն հաղորդալարերը միանում են մեկը մյուսի հետ` չափազանց փոքր դիմադրության միջոցով: Այն հիմնականում տեղի է ունենում հաղորդալարերի և էլեկտրասարքավորումների հոսանքատար մասերի մեկուսիչ շերտի` տարբեր պատճառներից առաջացած վնասվածքների հետևանքով, երբ հոսանքը սպառիչին չհասած, առանց որևէ դիմադրության հանդիպելու մի հաղորդալարից անցնում է մյուսը: Գործնականում ապացուցված է, որ կարճ միացման ժամանակ ցանցի դիմադրությունը միանգամից փոքրանում է, հաճախ հավասարվում զրոյի, որի ժամանակ հոսանքի ուժը մեծանում, հասնում է հազարավոր ամպերների: Հոսանքի ուժի մեծացման հետ մի քանի անգամ ավելանում է ջերմությունը, ինչի հետևանքով բռնկվում են հաղորդալարերի վրայի մեկուսիչները` առաջացնելով հրդեհ:Որպես կանոն, կարճ միացման տեղում առաջանում են որոշ անցումային դիմադրություններ, որոնք երբեմն այնքան փոքր են, որ կարելի է դրանք անտեսել: Այդպիսի կարճ միացմանը անվանում են մետաղական կամ լրիվ, իսկ այլ հավասար պայմանների դեպքում մետաղական կարճ միացման ժամանակ հոսանքն ավելին է, քան անցումային դիմադրությունների ժամանակ: Հատկապես վտանգավոր է մի ֆազի միացումը տարբեր մետաղական կառուցատարրերի հետ (տանիքածածկ, ջրահոսքի խողովակներ, կարկասներ (կմախք), տարբեր խողովակաշարեր, ծեփասվաղի տակի մետաղական ցանցեր, մետաղական հեծաններ և այլն), որոնք հողի (գետնի) հետ միացած են: Այս դեպքում հնարավոր են հետևյալ դեպքերը`
1.Մետաղական կառուցատարրերը (որոնց վրա տեղի է ունեցել կարճ միացում) ունեն շատ փոքր դիմադրություն, հողի հետ և միմյանց հետ միացումների լավ կոնտակտ (շփում): Այդպիսի պայմաններում միաֆազ միացումները հողի հետ` այդ կառուցատարրերի միջոցով, ուղեկցվում են զգալի հոսանքների առաջացմամբ, ինչն էլ մեծ մասամբ բերում է դյուրահալ ապահովիչների այրմանը (կամ այլ պաշտպանիչ սարքերի գործարկմանը (միացմանը)) և հետևաբար պաշտպանվող տեղամասի անջատմանը:
2.Մետաղական կառուցատարրերը (որոնց վրա տեղի է ունեցել կարճ միացում) ունեն զգալի դիմադրություն, իսկ կարճ միացման տեղից մինչև հողը հոսանքի ճանապարհին հանդիպում են ոչ կիպ հպակներով (կոնտակտներով) տեղամասեր: Առավել հաճախ այդպիսի պայմաններ հանդիպում են ֆազերից մեկի` մետաղական տանիքածածկերի, ջրահոսքի խողովակների, կարկասների, տարբեր խողովակաշարերի, ծեփասվաղի տակի մետաղական ցանցերի, մետաղական հեծանների և այլն, միացման հետևանքով: Այս դեպքում շատ մեծ է հողի վրա միաֆազ միակցման վտանգը: Միակցման տեղի և հողի միջև եղած միջանկյալ դիմադրությունները կարող են այնքան սահմանափակել միակցման հոսանքը, որ պաշտպանիչ սարքերը չեն աշխատի (գործարկվի):

ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն