Տնտեսություն

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼ Է ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ 475 ԸՆՏԱՆԻՔ

15 հոկտեմբեր, 2013

  • Нравится

Կարկուտից 100 տոկոսով տուժած Արմավիրի մարզի 21 համայնքների 475 տնտեսություններ օգտվել են «Զբաղվածության խթանման միջոցով տնտեսությունների վերականգնման» ծրագրից: Ծրագրում ընտրված յուրաքանչյուր ընտանիքի այգիների վերականգնման համար տրամադրվել է մինչև 350 հազար դրամ: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է ավելի քան 174 մլն դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այցելել էր Արմավիրի մարզ ծանոթանալու ծրագրի առավելությունների և թերությունների մասին: Նախարարն ընդգծեց, որ ամենակարևորը աշխատող մարդուն աջակցելն է, որպեսզի ինքը կարողանա իր տնտեսությունը վերականգնի ու արդյունք տեսնի: Գյուղացիները կառավարության օժանդակությունից գոհ էին: «Կարկուտի վնասներն ավելի շատ էին, բայց բազմակողմանի օգնությունն օգնեց ոտքի կանգնել»,- ասաց Ակնալճի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը:
Զբաղվածության խթանման ծրագրի շահառուներ են հանդիսացել սոցիալապես առավել անապահով, բազմազավակ և հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ծրագիրն իրականացվում էր երկու փուլով, երեք ամիս ժամկետով: Ըստ նախարարի, ստացվել է, որ երեք ամսով ստեղծվել է 1100 աշխատատեղ: Զբաղվածության խթանման ծրագրի շահառուների համար մարզային զբաղվածության կենտրոնների և ԳԱՄԿ-ի աշխատակիցներն օգնել են կազմել աշխատանքների կազմակերպման ժամանակացույց և ֆինանսական ծրագիր: Սեփական հողակտորում կարող են աշխատողներ հանդիսանալ ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ վարձու աշխատողներ: Ծրագիրը կիրառվում էր առաջին անգամ և փորձնական բնույթ էր կրում: Ըստ նախարարի, դրական արդյունքների դեպքում նախապատրաստական աշխատանքներ կտարվեն 2014թվ-ին ծրագիրը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու համար: