Հասարակություն

Երևան – Գերմանիա չվերթը դարձավ Երևան – Կալինինգրադ – Երևան

6 հոկտեմբեր, 2015

  • Нравится

Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության համար ստեղծված նպաստավոր պայմանները կարծես երաշխիք էին հանդիսանալու հասարակությանը ետ պահելու արտագաղթի մտադրությունից: Խաղողի ու պտղատու այգիներ, բանջարաբոստանային կուլտուրաների դաշտեր, այսինքն ապրուստի միջոց ստեղծելու լավագույն պայմաններ: Բայց սա ընդամենը առաջին հայացքից, իրականում հողից ստացված եկամուտով ոչ միայն չես կարող կերակրել ընտանիքդ, այլև չես կարող մարել հողի մեջ ներդրած վարկերի գումարները, – ասում է նորապատցի Գառնիկ Մարտիրոսյանը և փորձում ասածն ապացուցելու համար համոզիչ փաստեր ներկայացնել: Ըստ Մարտիրոսյանի, ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ 2012թ. կարկտահարությանը հաջորդեց 2013-ի ցրտահարությունը: Գյուղացիները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում էին պտղաբուծությամբ, հայտնվեցին ծայրահեղ ծանր և հուսահատ վիճակում, այդ թվում և իր ընտանիքը: Մի կողմից՝ 2 տարվա կուտակված գյուղատնտեսական վարկերը, մյուս կողմից՝ ընտանիքը կերակրելու օրհասական խնդիրն առաջ մղվեց: Ինչպես շատ գյուղացիական տնտեսություններ, այնպես էլ Գառնիկը, գյուղացիական վարկը ստացել էր ԱՄՆ դոլարով: Փոխարժեքի կտրուկ բարձրացումը լրացուցիչ խնդիրներ առաջացրեց առանց այն էլ ծայրահեղ վիճակում հայտնված գյուղացիների համար:
Մարտիրոսյանների 5 անձից բաղկացած ընտանիքը գոյությունը պաշտպանում էր մեկ հեկտար ծիրանի այգուց ստացած եկամուտով: Երկու տարի չունենալով եկամուտ, փոխարենը ունեցավ արդեն 4 000 ԱՄՆ դոլարի հասնող ժամկետանց գյուղատնտեսական վարկի պարտք: Գառնիկին այլ ելք չէր մնում, քան արտագնա աշխատանքով լուծել ընտանիքի առաջ ծառացած խնդիրները: Այս մասին արդեն պատմում է Գառնիկի կինը՝ տիկին Գոհարը:
Ըստ Գոհարի՝ ապրուստի ոչ մի միջոց չկար: Դպրոցահասակ 3 երեխաներին դպրոցական պարագաների համար նույնիսկ գումար չկար, ծնողական ժողովներին Գոհարն այլևս չէր մասնակցում, ամաչում էր, ստացած դասագրքերի համար դեռ չէր վճարել:
Իսկ ամենադաժանն այն էր, որ ամեն օր բանկից նամակ էի ստանում, նամակի բովանդակությունը նույնն էր՝ կդիմեն դատարան: Ըստ Գոհարի, գարնանը նույնիսկ այգին բուժելու և պարարտացնելու գումար չունեին, որպեսզի որակյալ բերք ակնկալեին, հետևաբար անորակ ու քիչ ստացված բերքով ընտանիքի գոյությունը պաշտպանելն ավելի դժվար էր դառնում: Մի երեկո ամուսինները երկար են քննարկում ու, չնայած Գոհարը չի համաձայնում, բայց ամուսինը Ռուսաստանում աշխատելու որոշում է կայացնում: Ընկերներից մեկը Գառնիկին իր հետ արտագնա աշխատանքի մեկնելու առաջարկ է անում, վերջինս էլ, ելք չունենալով, երկար չի մտածում: 2014թ. գարնանը Գառնիկն ավտոբուսով Արմավիրից ՌԴ Կրասնոդար քաղաք է մեկնում: Գոհարիկի պատմելով, ամուսինը կահույքի արտադրամասում էր աշխատում: Ասում է սկզբում լավ էր, ամսեկան 10-15 հազար ռուբլի գումար էր ուղարկում, նույնիսկ 20 հազար էլ է ուղարկել: 5 ամիս անց, ամուսնու գործերը վատացավ, սեպտեմբերին տուն վերադարձավ: Փաստորեն ամուսնուս աշխատածով մի կերպ գոյատևեցինք և ոչ մի խնդիր լուծել չկարողացանք:
Այլևս ելք չունեին, – հուզված պատմում է Գոհարը,- որոշեցինք վաճառել ամեն ինչ ու գնալ Եվրոպա: Շուկայականից շատ ցածր գնով վաճառեցինք հողը, տունը, տան գույքն ու վաճառքից ստացված գումարով կարողացանք վարկի մի մասը մարել և միջնորդի միջոցով ՌԴ Կալինինգրադ քաղաքում հայտնվել: Գոհարի պատմելով իրենց խոստացել էին հասցնել Գերմանիա: Ասում էին ձեր գործը չի, կգնաք Կալինինգրադ, այնտեղ ձեզ կդիմավորեն, կտանեն Գերմանիա կամ Ավստրիա, որտեղ կուզեք: Մեր Կալինինգրադ գնալու ժամանակահատվածը համընկավ Եվրոմիության երկրների սահմանների խստացման հետ ու իմ հավատն էլ չէր գալիս, որ մեզ Գերմանիա կհասցնեն, – ասում է Գոհարը: Մեր խումբը բաղկացած էր 16 հոգուց, բոլորն էլ ընտանիքով էին: Մեկ օր երեխաներիս ու ամուսնուս հետ օդանավակայանում մնալուց հետո մեզ մոտեցավ խմբին ուղեկցող անձնավորությունը և մեզ հայտնեց, որ Գերմանիայի սահմանը խստացված է և, եթե մենք ցանկանանք, կարող են մեզ տանել Հունաստան: Այնտեղից սահմանն ինքնուրույն պետք է անցնեինք: Առաջարկը չընդունվեց խմբի մի քանի անդամների կողմից, այդ թվում՝ և մեր: Երեխաներիս կյանքը վտանգի չէի կարող ենթարկել, դրա իրավունքը չունեի, – ասում է Գոհարը և ավելացնում, – ի սկզբանե մեր պայմանավորվածությունը միջնորդի հետ եղել էր Կալինինգրադ – Գերմանիա ուղին:
Ըստ Գոհարի՝ խմբի մի քանի անդամներով ըմբոստացել են և իրենց գումարը հետ պահանջել, պայման են դրել կամ Գերմանիա են հասցնում ինչպես նախապես պայմանավորվել են, կամ հատուցում են բոլոր ծախսերը:
Գումարը, որով պետք է Գերմանիա ուղևորվեինք, այդպես էլ ետ չստացանք, – ասում է Գոհարը և ավելացնում՝ ուղեկցողը, կամ այս դեպքում, գործը գլուխ բերողը Գոհարի ընտանիքին է մեղադրել ու ասել, որ ամբողջ գումարն արդեն ծախսել է նրանց Գերմանիա հասցնելու համար, մեղավորությունն իրենցն է, որ ճանապարհից հետ են կանգնում: Գործ անողն ասեց, որ իր լավությունն այն կլինի, որ նրանց նորից Հայաստան ուղարկի: Գոհարի խոսքով, մեկ շաբաթ մնալուց հետո վերադարձել են Հայաստան, սակայն ապրելու տեղ չունեն, ժամանակավոր հայրական տանն են հաստատվել, Գոհարն ու ամուսինն այժմ Բաղրամյանում օրավարձով խաղող են հավաքում, հույս ունեն հետո էլ այգեթաղին կմասնակցեն, մի քիչ գումար կհավաքեն ու տուն կվարձեն, իսկ այս տարի երեխաներին դպրոց չեն ուղարկի: